Ծաղկաշենում բացվեց եւ օրհնվեց Արցախյան վերջին պատերազմում զոհվածների խաչքար-հուշարձանը

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղում ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունիքի մարզի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի եւ աջակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի օրհնվեց Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած ծաղկաշենցիներ Գոռ Ներսիսյանին եւ Վասակ Գասպարյանին նվիրված խաչքար- հուշարձանը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ խաչքար-հուշարձանի բացման եւ օրհնության արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Ծաղկաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սեւակ Կարապետյանը, Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի աշխատակիցներ, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ծաղկաշենցիներ, զոհված հերոսների ծնողները եւ հարազատները, Ծաղկաշենի միջնակարգ դպրոցի մանկավարժները եւ աշակերտները։

«Տխրությամբ եւ հպարտությամբ կատարեցինք այս խաչքար-հուշարձանի բացման եւ օրհնության արարողությունը, քանզի որքան տխրեցնում է կորստյան ցավը մեզ, նույնքան էլ ոգեւորում է այն միտքը, որ մեր քաջերը թշնամու դեմ ելան վասն սուրբ հայրենյաց եւ վասն սրբազան հավատի ու իրենց նահատակությամբ կանգնեցրին թշնամուն։ Եվ նրանց նվիրումի գինն այն է, որ այսօր մենք վայելում ենք այս արեւոտ օրը, խաղաղությունը։ Այս խաչքարն ու մեր հայրենիքով մեկ կերտվող խաչքարերը կենարար զորություն ունեն իրենց մեջ, ապրելու եւ արարելու վճռական խորհուրդ, ուստի մենք պիտի նորովի ուժ առնենք, ապրենք ու արարենք հանուն այն նպատակների, որոնց իրականացման համար ընկան մեր քաջերը։ Իսկ մատաղ սերունդը, նայելով իրենց հերոսներին նվիրված հուշարձաններին, խոնարհվելով նրանց առաջ, պիտի իմանա պատմությունն այս քաջերի մասին, լցվի նոր ու հզոր հայրենիք կերտելու անբեկանելի ուժով, լինի գրավականը մեր ազգի անսասանության եւ հավիտենականության»,-արարողության մասնակիցներին դիմեց Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը։ Ապա ելույթով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։ «Ծաղկաշենը փոքր համայնք է, սակայն հերոսական, քանի որ Արցախյան վերջին պատերազմում ցուցաբերել է հայրենասիրության վառ օրինակներ՝ տալով 2 զոհ եւ նույնքան վիրավոր, 23 մասնակից։ Խոնարհվում ենք նրանց առաջ, նրանց ծնողների առաջ, որ նման առյուծ զավակներ են պարգեւել մեր ազգին։ Նրանց սխրանքներն իզուր չեն անցնի, նրանց անունները երբեք չեն մոռացվի»,-նշեց Ռուբիկ Նավոյանը։

Ասմունքով ու ռազմահայրենասիրական երգերով հանդես եկան Ծաղկաշենի միջնակարգ դպրոցի աշակերտները՝ սրտառուչ խոսքեր նվիրելով հերոսներ Գոռի եւ Վասակի հիշատակին։

Արարողության ավարտին մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին նորաբաց խաչքար-հուշարձանին։

Ծաղկաշենի համայնքապետարանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած ծաղկաշենցիներին։

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ծաղկաշենցիներին նվիրված խաչքար-հուշարձանը պատրաստվել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սեւակ Կարապետյանի նախաձեռնությամբ ու անձնական միջոցներով, Ստյոպա Գետչյանի քանդակագործությամբ։ Այն տեղադրվել է Ծաղկաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Դատախազությունը երկու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է խնդրել ԲԴԽ-ից

Մոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Շատ մոտ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները լիարժեք բացելու քայլին․ Փաշինյան