Կորոնավիրուսից մահացության միջին տարիքը նվազել է. նախարար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսից մահացության միջին տարիքը փոքր-ինչ նվազել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
Երիտասարդների շրջանում առկա են հիվանդության ծանր ընթացքով դեպքեր, մահացության դեպքեր:
«Եթե նախորդ տարի ավելի բարձր միջին տարիք ունեինք, ապա այս տարի, ցավոք, մահացության միջին տարիքի մի փոքր նվազում ունենք: Նախորդ շտամների դեպքում երիտասարդների շրջանում, որոնք չունեին քրոնիկ հիվանդություններ, կարելի է ասել, որ առողջական վիճակի խնդիրներ, մահվան դեպք չենք ունեցել: Բայց այս տարի կտրուկ ունենում ենք 1-2 օրվա ընթացքում հիվանդության պրոգրեսիա և մահվան դեպքեր»,-ասաց Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ այդ միտումը նկատվում է ամբողջ աշխարհում՝ պայմանավորված դելտա շտամով: