Քաղաքականություն

Ռուսաստանի և Հայաստանի համար «Հյուսիս-Հարավ»-ի իրագործման լրացուցիչ հեռանկարներ են ի հայտ գալիս. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

6 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Հայաստանի համար «Հյուսիս-Հարավ»-ի իրագործման լրացուցիչ հեռանկարներ են ի հայտ գալիս. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը նպատակ չունի Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման բացառիկ իրավունք ձեռք բերել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի առթիվ ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մենաշնորհի, թեպետ մեզ այդ երկրների և ժողովուրդների հետ կապում է երկար և սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերություն բոլոր ազիմուտներում։Մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ օգտագործման օգտին՝ հաշվի առնելով տարածաշրջանային փոփոխված իրողությունները»,- նշվում է փաստաթղթում:

ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է վստահ հերքել սոցիալական ցանցերում և ինտերնետային ռեսուրսներում հաղորդումներն այն մասին, որ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված էին Լեռնային Ղարաբաղն անջատելուն, Ադրբեջանին հանձնելուն, Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն»: «Նմանօրինակ հայտարարությունները կրում են պոպուլիստական բնույթ, կատարում են ակնհայտ արտաքին պատվեր և իրականության հետ որևէ աղերս չունեն», - նշել ենՌԴ ԱԳՆ-ից։

Նախարարությունում նշել են, որ Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները չեն պարտադրվել կողմերին, այլ հիմնվել են շահերի ստուգված հավասարակշռության վրա, չափազանց հարգալից են եղել Բաքվի և Երևանի ինքնիշխանության և շահերի նկատմամբ։ «Մեր մի շարք նախաձեռնությունների շուրջ համաձայնություն չի եղել, և դա նորմալ է: Փոխարենը, արդեն իսկ հաստատված համաձայնությունը, ինչպես ասում են, ձեռք է բերվել տառապանքով և արդյունավետորեն իրականացվում է գործնականում»,- ասվում է հայտարարության մեջ:

Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական սահմանի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկին՝ դրա հետագա սահմանազատման համար:

«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում արձանագրվել է կարևոր դրույթ՝ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում։<...> Մենք կարծում ենք, որ խնդրի երկարաժամկետ լուծումը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն է` դրան հաջորդելիք սահմանագծմամբ։Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվական օգնություն ցուցաբերել, կողմերի խնդրանքով տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութեր, կիսել սահմանազատման իր հարուստ փորձը այլ երկրների հետ»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Ընդգծվել է, որ ռուս սահմանապահները ներկա են սահմանի ամենախնդրահարույց հատվածներում՝ կանխելու կոնֆլիկտային իրավիճակները և կարգավորելու միջադեպերը։Շուրջօրյա ռեժիմով կազմակերպվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանային գերատեսչությունների կոնտակտային անձանց աշխատանքը՝ ակտուալ տեղեկատվության փոխադարձ փոխանակման նպատակով:Որպես հայ-ադրբեջանականհարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ աշխատանքի առանցքային տարրերից մեկն է նշվել եռակողմ աշխատանքային խմբի (ԵԱԽ) աշխատանքը։

ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ Մոսկվան վճռական է շարունակելու եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) գծով։ «Վստահ ենք, որ այս ընդհանուր ճանաչված ձևաչափի դեռ սպառված չէ: Դրա մասին է վկայում 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջին հանդիպումը՝ ՄԽ համանախագահների հովանու ներքո՝ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավորվեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում:Հանդիպման օրակարգում հումանիտար և սոցիալ-տնտեսական հրատապ հարցեր էին։ Համանախագահների ծրագրերի մեջ են մտնում այցելությունը տարածաշրջան և շփումների շարունակում «3+2» ձևաչափով»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ ԵԱԽ-ի ութ հանդիպումների արդյունքում ներկայացվել է զեկույց, որտեղ նկարագրված են երկաթուղային և ավտոմոբիլային կոնկրետ երթուղիներ՝ վերականգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կապը՝ելքով դեպի հարևան երկրների տրանսպորտային հաղորդակցություններ, ինչը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և կներգրավի լրացուցիչ ներդրումներ։Ընդգծվել է, որ այդ կապակցությամբ Ռուսաստանի և Հայաստանի համար «Հյուսիս-Հարավ» միջազգային զարկերակի իրագործման լրացուցիչ հեռանկարներ են ի հայտ գալիս։

«Պակաս կարևոր չէ, հատկապես այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակի լույսի ներքո, որը ուռճացվում է ԶԼՄ-ներում, որ ԵԱԽ-ի բոլոր մասնակիցները համաձայնել են, որ բոլոր ապաշրջափակված և նորաստեղծ տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում