ՀՀ-ն հավատարիմ է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններին. Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Ալեքսեյ Օվերչուկի այցը Հայաստան և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ընթացիկ օրակարգը: «Ցանկանում եմ նշել, որ բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային հանձնաժողովի աշխատանքը: Հույս ունեմ, որ մեզ ի վերջո կհաջողվի հանգել կոնկրետ լուծումների:

Ցանկանում եմ այս կապակցությամբ ասել հետևյալը. Հայաստանը հավատարիմ է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններին, որոնք վերաբերում են տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը: Բայց ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են միջանցքներին, բացասական են ազդում մեր աշխատանքի արդյունավետության և մթնոլորտի վրա, հատկապես հաշվի առնելով, որ մեր եռակողմ հայտարարություններում միջանցքների մասին որևէ խոսք չկա:

Իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը փորձում է պարտադրել իր ընկալումները հանձնաժողովին և դա, իհարկե, անընդունելի է մեզ համար: Ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ ու ապաշրջափակմամբ: Բազմիցս եմ հրապարակային հայտարարել, որ մենք պատրաստ ենք գնալ կոնկրետ լուծումների, որոնց էությունը պետք է լինի հետևյալը. Հայաստանը պետք է ստանա ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության ուղիներ Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանը պետք է ստանա երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ուղիներ Հայաստանի տարածքով, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը կապող:

Մեր փաստաթղթերում խոսվում է տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, մեր դիրքորոշումն այսպիսին է, ի՞նչ ենք մենք առաջարկում. երկաթուղային կապերը, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության ժամանակաշրջանում, պետք է վերականգնվեն և ավտոմոբիլային ճանապարհները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության ժամանակաշրջանում, այդ թվում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի հետ կապող, դրանք նույնպես պետք է վերականգնվեն:

Մենք պատրաստ ենք գնալ այսպիսի լուծումների: Մենք ունենք կոնկրետ առաջարկություններ, և շատ կարևոր է ընդգծել, որ համաձայն հունվարի 11-ի հայտարարության, և մենք այդ մասին բազմիցս ենք խոսել, պետք է նաև բանակցենք մաքսային հսկողության, ֆիտոսանիտարական հսկողության, սահմանային հսկողության և հսկողության այլ հնարավոր տեսակների շուրջ: Դա այն է, ինչ ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի մեր հայտարարություններում: Ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Հայաստանը հետաքրքրված է, պատրաստ է, և հույս ունենք, որ մոտ ապագայում այդ հարցերով կհաջողվի գալ կոնկրետ լուծումների: Մենք տրամադրված ենք կառուցողական»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Ըստ աղբյուրի՝ Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման և Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի աշխատանքային խմբի գործունեությանը բարձր գնահատական տալու համար:

«Մենք իսկապես աշխատում ենք այն մանդատով, որը Դուք մեր երկրների ղեկավարների հետ տրամադրել եք 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների շրջանակում: Ցանկանում եմ նշել, որ գործընկերների, փոխվարչապետերի հետ մշտապես գտնվում ենք կապի մեջ: Անցկացրել ենք 8 հանդիպում, որոնցից 4-ը եղել են առկա ռեժիմում, մյուս չորսը՝ տեսակապի:

Միաժամանակ, գրեթե ամեն օր շփվում ենք հեռախոսով, քննարկում ենք տարատեսակ տարբերակներ, որպեսզի գտնենք ավելի օպտիմալ և բոլոր կողմերի համար առավել ընդունելի երթուղիներ: Դուք գիտեք, որ աշխատել են նաև ճանապարհաշինության ոլորտի փորձագետներ, որոնք հետազոտել են ճանապարհները: Այսօր ունենք շատ լավ պատկերացումներ, թե իրականում ինչպիսին է ճանապարհների վիճակը: Հենվելով այդ տվյալների վրա՝ հոկտեմբերի 22-ին անցկացրած համատեղ աշխատանքային խմբի 8-րդ նիստից հետո, մեզ թվում է, կհանգենք կոնկրետ լուծումների: Դրանք առաջին հերթին հիմնվում են նրա վրա, որ ճանապարհների նկատմամբ ինքնիշխանությունն իրականացնում են այն երկրները, որոնց տարածքով դրանք անցնում են:

Նաև Դուք հիշատակեցիք, և դա նույնպես հայտարարությունների մեջ է, այն մասին, որպեսզի բոլոր տեսակի հսկողություններն իրականացվեն: Մենք պայմանավորվել ենք, որ այդպիսի հսկողություն պետք է իրականացվի հավասարության հիմունքներով, դա նույնպես քննարկել ենք, այդ թվում՝ այն մասին, թե ինչպես, ինչից պետք է սկսել ավտոմոբոլիային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Ցանկանում ենք Ձեզ հետ այսօր դա քննարկել և մտածել, թե ինչպես շարժվել առաջ»,-նշել է Ալեքսեյ Օվերչուկը:

Հայերեն العربية English Français Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել