Մշակույթ

Լազենկի թագավորական թանգարանի գանձերը ցուցադրվեցին Երևանում

3 րոպեի ընթերցում

Լազենկի թագավորական թանգարանի գանձերը ցուցադրվեցին Երևանում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեհական մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 22-ին Հայաստանի պատմության թանգարանի առջև բացվեց «Լազենկիի գանձերը» խորագրով ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներում արվեստասերները կարող են տեսնել Լազենկի թագավորական թանգարանը, դրա ծաղկաջերմոցը, ամֆիթատրոնն ու կղզու վրայի պալատը, այլ ենթակառուցվածքներն ու յուրատիպ ցուցանմուշները:

«Թանգարանը բաղկացած է բազմաթիվ համալիրներից և հուշարձաններից: Այստեղ մեկտեղել ենք թանգարանի ամենաներկայանալի շենքերն ու ցուցանմուշները: Շատ տպավորիչ է Ֆրեդերիկ Շոպենի արձանը, որն այգում է՝ լճի վրա, գրավիչ է այն շենքը, որում բազմաթիվ հարսանիքներ են կազմակերպվում, ցուցադրված է նաև ամֆիթատրոնը, որը հիմնել է Ստանիսլավ Ավգուստը և պալատը, որը կառուցվել է ջրի վրա»,-պատմեց ծրագրի կազմակերպիչ Ագնեշկա Լաբենցը:

Նրա խոսքով՝ լեհերը շատ են սիրում հայերին և հույս ունեն, որ հայերն էլ իրենց են սիրում: «Մեր նպատակն է Հայաստանում առավել ճանաչելի դարձնել մեր մշակույթը: Կարծում եմ՝ այս ծրագիրն իր ներդրումը կունենա այդ գործում և կամրապնդի հայ-լեհական մշակութային կապերը,-ասաց նա և հավելեց, որ Լեհաստանում հայերը քիչ չեն: Նրանք էլ Հայաստանի օրեր են կազմակերպում Լեհաստանում:

Լազենկի թագավորական թանգարանը հաճախ բնութագրվել է որպես Վարշավայում ամենաերջանիկ վայր: Այն եղել է թագավոր Ստանիսլավ Ավգուստի ամառային արքայական նստավայրը: Թանգարանը համալրված է կլասիցիզմի ոճով մշակութային կոթողներով ու պատմական այգիներով:

Հայաստանում «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 21-ին: Այն անցկացվելու է մինչև հոկտեմբերի 31-ը: Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 24-ին «Մոսկվա»կինոթատրոնում կցուցադրվի«Մաթեմատիկոսի արկածները»կինոնկարը, որին կհաջորդի հարց ու պատասխան, հոկտեմբերի 25-ին կրկին «Մոսկվա»կինոթատրոնում կցուցադրվի«Ժեյա»ֆիլմը, իսկ«Օրեր և գիշերներ»կինոնկարի ցուցադրությունը կկայանա նույն կինոթատրոնում հոկտեմբերի 26-ին:

Հոկտեմբերի 28-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի«Լեհաստանի կողմից պարգևատրված հայերը և հայկական ծագումով լեհերը»խորագրով ցուցահանդեսը։

«Լեհական մշակույթի օրեր»ծրագրի գալա-համերգը կկայանա հոկտեմբերի 30-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում. հանդես կգան լեհ ճանաչված երաժիշտներ Վոյտեկ Պրոնիևիչը և Ռոշկո եղբայրները։ Կհնչեն Կարոլ Լիպինսկու և Վոյցեխ Կիլարի ստեղծագործությունները։

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

Նախագիծն իրականացնում են “Our Beat for Culture Foundation” (“Róbmy swoje dla kultury”, Լեհաստան) և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում