ԵՐԵՎԱՆ, 19ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեի հետ:
«Հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա են իրավապայմանագրային հարաբերություններ, որոնք հնարավորություն են տալիս փոխգործակցություն ծավալել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից, հանդիպման ժամանակ ասել է Ռուստամ Բադասյանը:
Նշվում է, որ կարևորվել է երկու երկրների մաքսային և հարկային ոլորտների պատասխանատուների պարբերական դարձած հանդիպումները, որոնց շնորհիվ հնարավորություն է ընձեռվում արագ և արդյունավետ լուծումներ տալ առաջացած աշխատանքային հարցերին: