Հարցազրույց

Օտարերկրացիները ՀՀ-ում աշխատանքի թույլտվություն կստանան պարզեցված ընթացակարգով. մանրամասնում է Արմեն Ղազարյանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օտարերկրացիներին աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման համակարգը բարեփոխվում է: Նոր նախագծով առաջարկվում է պարզեցնել օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգը: Ներկայացնելով նախագծի մանրամասները՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունվարի 1-ից:

-Ի՞նչն առիթ հանդիսացավ նման նախաձեռնությամբ հանդես գալու և ի՞նչ խնդիր է այն լուծում:

-Օտարերկրացիներին աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման համակարգի բարեփոխումների ուղղությամբ աշխատանքը տարվում է արդեն 2 տարի: Այն բավական ծավալուն օրենսդրական և տեխնիկական փոփոխություններ է ենթադրում ու ներկայում այդ փոփոխություններն ընթացքի մեջ են: Ազգային ժողովն այս տարվա ամռանն ընդունեց համապատասխան օրենսդրական փոփոխությունները: Օտարերկրացիների մասին օրենքում, Աշխատանքային օրենսգրքում, Պետական տուրքի մասին օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունվարի 1-ից: Ենթադրվում է համակարգի ամբողջական թվայնացում և վարչարարության պարզեցում: Սրանք, թերևս, հիմնական փոփոխություններն են:

-Եթե կարելի է մի քանի օրինակով կնշեք, թե գործող ընթացակարգերով ի՞նչ ունենք և հունվարի 1-ից ինչ փոփոխություններ են սպասվում:

-Ներկայում գործընթացն իրականացվում է հետևյալ տրամաբանությամբ: Գործատուն, օտարերկրացի աշխատող ներգրավելու համար, դիմում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ստանում է աշխատանքի թույլտվություն օտարերկրացու համար, այնուհետև օտարերկրացին գալիս է, անձամբ դիմում է ոստիկանություն և ստանում է ժամանակավոր կացության կարգավիճակ: Ըստ էության, մենք ունենք երկու տարբերվող պրոցեսներ, որոնք մեկ շղթայի մաս են: Հիմա ինչ ենք առաջարկում, այս շղթան ամբողջությամբ տեղափոխում ենք թվային հարթակ և սինխրոնիզացնում ենք: Օտարերկրացին այսուհետ ստանալու է մեկ փաստաթուղթ, այն է՝ ժամանակավոր կացության կարգավիճակ՝ աշխատանքի հիմքով: Հարթակում գործատուն լրացնելու է աշխատանքի նկարագիրը, որին համապատասխան, եթե կա Հայաստանի Հանրապետության քաղաքացի աշխատող, ապա աշխատանքի հարցերի լիազոր մարմինն առաջարկելու է գործատուին նրա թեկնածությունը: Եթե գործատուն համաձայնվում է, ապա գործընթացը դրանով ավարտվում է, և աշխատանքի է անցնում ՀՀ քաղաքացին: Եթե չի համաձայնվում ու օտարերկրացին պետք է ներգրավվի, ուրեմն համապատասխան հարթակում լրացվում են օտարերկրացու տվյալները, իրականացվում են բոլոր անհրաժեշտ անվտանգային ստուգումները և դրանից հետո նա կարող է գալ և ստանալ իր ժամանակավոր կացության քարտը աշխատանքի թույլտվության հիմքով:

-Ես ճի՞շտ եմ հասկանում, առաջարկվող փոփոխություններն ուղղված են և՛ գործատուներին, և՛ օտարերկրացիներին, որոնք ցանկանում են աշխատել Հայաստանում:

-Անշուշտ մի մասով բարեփոխումները դյուրացնում են վարչարարությունը, կրճատում են ժամկետները գործատուների համար, մյուս մասով էլ դյուրացվում է վարչարարությունը հենց օտարերկրացիների համար: Ընդհանուր առմամբ և՛ գործատուների, և՛ օտարերկրացիների մասով պետական մարմինների հետ մեկ անգամ շփման անհրաժեշտություն է առաջանալու: Այն է, երբ օտարերկրացին վերջում, դրական որոշման պարագայում գալու է և ստանալու է իր ժամանակավոր կացության քարտը:

Հարցազրույցն առավել մանրամասն՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

Աննա Գզիրյան

Հայերեն English Русский

Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը ձևավորելու հարցում. Տիգրան Ավինյան

Ապրիլի 24-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԳԱԱ-ն ամփոփեց 2024 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության արդյունքները

Ամերիկյան ձայնագրման ընկերությունը միջազգային ճանաչման հնարավորություն կընձեռի հայ երաժիշտներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչներին

Աֆղանստանը Ռուսաստանում դեսպան կնշանակի՝ «Թալիբան»-ի արգելքի վերացումից հետո

Երևանում գիշերօթիկ դպրոցի հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ

Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր

Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իր խոսքերը Իվանյանի դեպքերի վերաբերյալ. 168.am

Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում մարդիկ սկսել են ավելի շատ խոսել Հայոց ցեղասպանության մասին. թուրք մտավորական