«Այդ գիշեր հնչած ծափողջույններն իմ ծննդյան նվերն էին...». Նա իր բաժին նվիրումը ընծայաբերեց հայրենիքին մեզ համար ամենադժվարին ժամանակներում

5 րոպեի ընթերցում

Լորիս Ճգնավորյանը հայրենիք եկավ ճիշտ այն ժամանակ, երբ հայրենի հողը տնքում էր աշխարհավեր երկրաշարժի վերքերից, երբ սկիզբ էր առել Արցախյան ազգային ազատագրական շարժումը, եւ փոթորկվում էր Ազատության հրապարակը բազմահազարանոց հանրահավաքներից: Եկավ ակամայ մասնակիցն ու աջակիցը դառնալու այդ ամենին: Իսկ բուն առաքելությունը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի ու գլխավոր դիրիժորի պաշտոնի ստանձնումն էր, որ դժվարին ժամանակներում պսակվելու էր իր շահեկան գործունեությամբ: Մաեստրոյի 84-ամյակը բոլորում է այսօր:

Ինչպես ինքն էր վերհիշում՝ եղեռնից մազապուրծ ու արհավիրքների միջով անցած ծնողների զավակ է, որոնք եկել ու հանգրվանել էին Իրանի Բորուջերդ քաղաքում: Այստեղ էլ ծնվել է ապագա երաժիշտը, ուսանել Թեհրանի կոնսերվատորիայի ջութակի բաժնում, ապա ավարտել Վիեննայի երաժշտական ակադեմիայի ջութակի եւ կոմպոզիցիայի բաժինները: Թվում է, թե նման կրթությամբ կարող էր եւ բավարարվել, սակայն ստացածով չէր գոհանալու՝ կատարելագործման կուրսեր է անցնում Զալցբուրգի Մոցարտեումում՝ Կարլ Օրֆի մոտ, այնուհետեւ՝ Միչիգանի համալսարանի դիրիժորական բաժնում: Ուսումնառության ավարտից կարճ ժամանակ անց նշանակվում է Իրանի մշակույթի նախարարության ժողովրդական երաժշտության արխիվի տնօրեն եւ ներկայացուցիչ-կոմպոզիտոր, հաջորդաբար՝ մայրաքաղաքի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, «Փեհլեւի» մշակութային հիմնադրամի գլխավոր երաժշտական տնօրեն: Նշյալ ասպարեզներում հնգամյա աշխատանքին հաջորդում է գործունեությունը Վիեննայում, Նյու Յորքում, Լոնդոնում: 1978 թ. Լոնդոնում հիմնում է Հայ երաժշտության ինստիտուտը՝ անչափ կարեւոր մի նախաձեռնություն՝ ի շահ հայ երգարվեստի ու երաժշտության:

Սակայն գալու էր նաեւ հայրենիքում գործելու պահը . հետերկրաշարժյան առաջին տարին Լորիս Ճգնավորյանի կյանքում նշանավորվելու էր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի ու գլխավոր դիրիժորի պաշտոնում հաստատվելով: Իսկ այդ ժամանակները ենթադրում էին առկա բազմաբնույթ դժվարություններ, միջոցների բացակայություն, կազմակերպչական հզոր ջիղ: Մաեստրոն կոչված էր հաղթահարելու այդ ամենը: Եվ դա նրան հաջողվեց: Կազմակերպեց սիմֆոնիկ երաժշտության հնչեղ փառատոներ՝ «Աշխարհը եւ մենք», «Արամ Խաչատրյան-90», «Եղեռնից մինչեւ անկախություն», համերգաշար՝ «Հոգեւոր երաժշտության ժամ» խորագրով: Նվիրական գործունեության մի շրջան, այնուհետեւ երկրաշարժի աղետյալներին օգնելու նպատակամղումով՝ ոտքով ուխտագնացություն դեպի Գյումրի: Արդյունքում 1992-ին կյանքի է կոչվում արհեստների ու արվեստների ավերակված քաղաքի մշակութային ակադեմիան: Նույն թվականին մայրաքաղաքում ստեղծում է Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը, երկու տարի անց՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ երգչախումբը: Թվարկելն ու ասելը հեշտ է, մինչդեռ պատկերացնել է պետք գործադրած այն բոլոր ջանքերն ու եռանդը այս ամենն իրագործելու համար: Վերհիշենք նաեւ աղետալի ժամանակը՝ երկրաշարժից պատուհասված երկիր, փլուզված տնտեսություն, դաժան պատերազմ, շրջափակում…

Հարուստ է եռանդուն արվեստագետի նաեւ ստեղծագործական ներկապնակը. երեք օպերա՝ «Աղավնու վանքը», «Ռոստամ եւ Զոհրաբ», «Փարդիս եւ Փարիսա», նույնքան բալետներ՝ «Ֆանտաստիկ», «Սիմորգ», «Օթելլո», հինգ սիմֆոնիա, օրատորիաներ, կոնցերտներ, նվագախմբային սյուիտներ, խմբերգեր, կինոերաժշտություն: Հիրավի, պատկառելի վաստակ:

Իր կոթողային ստեղծագործության՝ «Ռոստամ եւ Զոհրաբի» առաջին ներկայացման առիթով ասված մաեստրոյի խոսքով էլ ամփոփենք. «Երբ երկար ջանքերից հետո ինձ հաջողվեց այն ներկայացնել Թեհրանի «Վահդաթ» համերգասրահի բեմից, չէի էլ պատկերացնում, որ լեփլեցուն դահլիճի ականատեսը կլինեմ, եւ երաժշտասերները երկու ժամ շարունակ քար լռությամբ կունկնդրեն այն: Այդ գիշեր հնչած ծափողջույններն իմ ծննդյան նվերն էին, եւ ես ինձ բախտավորների շարքին եմ դասում»:

Մենք էլ երախտագիտությամբ շնորհավորենք 84-ամյա մաեստրոյին, ով իր բաժին նվիրումը ընծայաբերեց հայրենիքին մեզ համար ամենադժվարին ժամանակներում:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Հայերեն Русский

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

«Երևան» երկաթուղային կայարանում բացվել է Tour EXPO 2026 ցուցահանդեսը

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան է նշանակվել Ֆլորիան Էսկյուդիեն

Վահագն Խաչատուրյանը ԵՄ անդամակցությանը պատրաստվելու համար կարևորում է նաև մտածողության փոփոխությունը

Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերը պատրաստ են սահմանների բացմանը և տեղաշարժին. ՀՀ նախագահ

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Կապանի ԲԿ-ում ընդլայնվել են բուժական հնարավորությունները

Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. ՀՀ նախագահ

Համայնքային խոշորացումից հետո Կապանի հարևան բնակավայրերում կյանքը զգալիորեն աշխուժացել է, իրականացվում են կարևոր ծրագրեր․ Գոռ Թադևոսյան

Հայաստանն ու Չեխիան քննարկում են Երևանի մետրոյի և ատոմակայանի օգտագործված վառելիքի հետ կապված ծրագրեր․ Խաչատուրյան