Մշակույթ

Հայ նկարչուհի Քրիստինա Օգանեզը Երևանում կներկայացնի «Սուրբ Հոգու թռչունը» նախագիծը

3 րոպեի ընթերցում

Հայ նկարչուհի Քրիստինա Օգանեզը Երևանում կներկայացնի «Սուրբ Հոգու թռչունը» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը կհյուրընկալի նկարչուհի Քրիստինա Օգանեզի (Kristina Oganezz) «Սուրբ Հոգու թռչունը» մշակութային նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը նպատակ ունի խթանել, որ յուրաքանչյուր քրիստոնյա ճանաչի Աստծուն Աստվածաշնչի միջոցով և Նոր Կտակարանը դարձնի իր սեղանի գիրքը՝ ընթերցելով, սերտելով ու հավատով լցվելով առ Աստված։

«Մի օր Աստծուն հարցրեցի. «Ի՞նչ ես ուզում, որ ես անեմ Քեզ համար: Ինչպե՞ս կարող եմ ծառայել Քեզ ինձ շնորհված տաղանդով»: Ծնվեց նոր գաղափար նկարների նոր հավաքածուի վերաբերյալ, և հավատում եմ, որ հենց Սուրբ Հոգին հուշեց ինձ այս նախագիծը իրականություն դարձնել։ Գաղափարն այն է, որ սև կտավի վրա ոսկե թռչնատառերով նկարել եմ միայն Աստվածաշնչի գլուխների և տողերի անվանումները: Տառերն ու նշանները օգտագործվել են հին հայկական այբուբենից և զարդանախշերից՝ թռչնատառերից»,- պատմում է սփյուռքահայ նկարչուհին:

Հայկական թռչնատառերը և նրանց մշակութային արտահայտությունները ներառված են 2019-ինUNESCO-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում:

Առաջին անգամ հանրությունը ականատես կլինի ոչ միայն թռչնատառերի, այլև թռչնաթվերի:

Քրիստինա Օգանեզը թռչնաթվերի ստեղծման գաղափարի հեղինակն է։ Թռչնաթվերն առաջին անգամ կներկայացվեն հենց այս նախագծի շրջանակում՝ դառնալով հայկական մշակույթի ինքնատիպ զարդերը։

«Սուրբ Հոգու թռչունը» արտ նախագծի համադրողն է հայտնի արտ համադրող, արվեստի քննադատ Ջուզեպե Ուսանի դ՛Էսկոբարը:

Հայաստանում ծնված նկարչուհի Քրիստինա Օգանեզն արվեստի աշխարհ մուտք գործեց ընդամենը 3 տարեկանում՝ հաճախելով Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն։ Որպես տաղանդավոր երեխա՝ մանուկ հասակում մասնակցել է բազում ցուցահանդեսների։

Դեռահասության շրջանում շարունակել է նկարել, այնուհետև նաև սովորել գրաֆիկ դիզայն և լուսանկարչություն։ Արվեստի մասնավոր դասեր է վերցրել հայ հայտնի արվեստագետներից՝ էլ ավելի կատարելագործելու սեփական նկարչական հմտությունները։ Հայ նկարիչը նաև լեզվաբանի և տնտեսագետի կրթություն ունի։

Քրիստինա Օգանեզն Արվեստագետների միջազգային միության (Էստոնիա) անդամ է, նաև Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ:

Հայ արվեստագետը հանդես է եկել անհատական և խմբակային ցուցահանդեսներով Հայաստանում և երկրի սահմաններից դուրս:

Նրա աշխատանքները զետեղված են տարբեր երկրների անհատական, պետական և թանգարանային հավաքածուներում: Մասնավորապես, Օգանեզի գործերից կարելի է գտնել Երևանի պատմության թանգարանում:

2020 թվականին Օգանեզը Միլանում (Իտալիա) արժանացել է Ֆրիդա Կալոյի անվան մրցանակի՝ Շառլ Ազնավուրի դիմանկարի համար:

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում