Հասարակական

Շրջակա միջավայրի նախարարությունը և ֆիլհարմոնիկ նվագախումբը համագործակցության 5-ամյա հուշագիր կնքեցին

2 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի նախարարությունը և ֆիլհարմոնիկ նվագախումբը համագործակցության 5-ամյա հուշագիր կնքեցին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի, և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ն՝ ի դեմս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի տարածքում խորհրդանշական «Որորների կղզի» անունը ստացած կղզում կնքեցին համագործակցության հուշագիր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, hուշագրի շրջանակում կողմերը պարտավորվում են համագործակցել հանուն շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման, իրականացնել համատեղ միջոցառումներ, որով ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը կհրավիրեն բնապահպանական ամենատարբեր խնդիրներին՝ բարձրացնելով դրանց վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը և մեծացնելով լուծման հեռանկարները։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը բնապահպանության և մշակույթի միաձուլումը հիանալի հնարավորություն է համարել շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության ոլորտում նշանակալի առաջընթաց գրանցելու համար։

Համագործակցության շրջանակում «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ»-ն աշնանային համերգաշրջանը նվիրում է «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի տարածքում խորհրդանշական «Որորների կղզի» անունը ստացած կղզում բնադրող Հայկական որորների պահպանությանը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն իր խոսքում չափազանց կարևորեց համագործակցությունը՝ խոստանալով անել հնարավորը երաժշտության լեզվով քարոզելու «կանաչ մշակույթի» գաղափարը։

Հայկական որորը Ֆիլհարմոնիկի երաժշտասեր ունկնդրին կբերի վաղ ամրագրման տոմսերը՝ գնման զեղչային հնարավորությամբ և ևս մեկ անգամ կհիշեցնի իր բացառիկ լինելու մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում