Քաղաքականություն

Հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդրի երկարաժամկետ լուծումը հնարավոր է միայն սահմանազատման և սահմանագծման միջոցով. Լավրով

2 րոպեի ընթերցում

Հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդրի երկարաժամկետ լուծումը հնարավոր է միայն սահմանազատման և սահմանագծման միջոցով. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրները հնարավոր է լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, իսկ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանազատման և սահմանագծման միջոցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Նախագահի (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին – խմբ.) պատրաստակամությունն այս առումով լավ հայտնի է: Մենք այսօր խոսել ենք այն մասին, թե ինչպես պետք է ապահովել այդ գործընթացի արագ իրականացումը: Մենք հաստատեցինք այդ գործընթացին ամեն կերպ աջակցելու պատրաստակամությունը»,- ընդգծեց Լավրովը:

Լավրովը նշեց, որ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը: Ըստ Լավրովի` Միրզոյանի հետ հանդիպմանը հատուկ ուշադրություն են դարձրել Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման խնդիրներին:

ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ ՀՀ արտգործնախարարի հետ մանրամասն ուսումնասիրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, որը թույլ է տվել դադարեցնել հակամարտությունը և այն բերել քաղաքական կարգավորման հուն:

«Պայմանավորվեցինք չթուլացնել ուշադրությունը Երևանի և Բաքվի հարաբերություններում լարվածություն առաջացնող գործոնների վերացման ուղղությամբ՝ ներառելով հայ ռազմագերիներին վերադարձման և ականապատ տարածքներիքարտեզների հանձնման խնդիրների վերջնական լուծումը: Հաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա գործունեության անհրաժեշտությունը»,- եզրափակեց Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում