Հասարակական

ԿԳՄՍՆ-ն դիմել է ՊՆ, որ դպրոցի միակ մասնագետին չտանեն պահեստազորի վարժական եռամսյա հավաքի

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍՆ-ն դիմել է ՊՆ, որ դպրոցի միակ մասնագետին չտանեն պահեստազորի վարժական եռամսյա հավաքի

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է Պաշտպանության նախարարություն, որպեսզի պահեստազորի վարժական եռամսյա զորահավաքին չմասնակցեն այն տղամարդ ուսուցիչները, որոնք տվյալ առարկայի միակ մասնագետներն են դպրոցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ այդ թեմային հատուկ ուշադրություն են դարձրել:

«Այս պահին ՊՆ-ի հետ մենք քննարկումների փուլում ենք, գրավոր դիմել ենք իրենց, որպեսզի այն դեպքերում, երբ տվյալ ուսուցիչը միակ մասնագետն է առարկայի, ապա քննարկեն զորահավաքի շրջանակներում այդ անձանց չզորակոչելու հնարավորությունը: Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրել Տավուշի մարզի ուսուցիչների վրա՝ հաշվի առնելով չափորոշիչների փորձարկման գործընթացը, քանի որ մենք վերապատրաստել ենք այնտեղի ուսուցիչներին։ Շատ առանցքային ենք համարում, որպեսզի վերապատրաստված մասնագետները դասապրոցեսն իրականացնեն: Զորահավաքին մասնակցելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ ոչ միայն առարկայի դասավանդման, այլև չափորոշիչների փորձարկման տեսանկյունից»,–ասաց Անդրեասյանը և հավելեց, որ այժմ քննարկումներ են ընթանում ու հույս հայտնեց, որ վերջնական համաձայնություն կունենան:

Նրա խոսքով, եթե անգամ առարկայի միակ ուսուցչին կանչեն եռամսյա հավաքի, տվյալ դեպքում նույնպես լուծումներ կգտնեն։ Փոխնախարարն ընդգծեց, որ պատերազմի օրերին էլ նման իրավիճակ էր, երբ «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա» առարկաների ուսուցիչները մեկնել էին առաջնագիծ։

Երևանում օգոստոսի 25-ից մեկնարկել է պահեստազորի վարժական եռամսյա հավաքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում