Հասարակական

Լյուքսեմբուրգում բնակվող հայուհին բարեգործական ծրագրեր է իրականացնում Սեւանի դպրոցներում 

2 րոպեի ընթերցում

Լյուքսեմբուրգում բնակվող հայուհին բարեգործական ծրագրեր է իրականացնում Սեւանի դպրոցներում 

ԳԱՎԱՌ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն երրորդ տարին է, ինչ Լյուքսեմբուրգում բնակվող Մարի Իսկենդերյանը սեպտեմբերի 1-ին ընդառաջ փորձում է թեթեւացնել սոցիալապես անապահով սեւանցի ընտանիքների հոգսը` նրանց կրտսեր դպրոցահասակ երեխաներին նվիրելով դպրոցական պայուսակներ եւ գրենական պիտույքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, այս տարի հաճելի ու սպասված նվերներին ավելացել են նաեւ սննդի փաթեթներ: Սեւանցիների հետ արդեն բարեկամացած Մարին իր 4 զավակների հետ բարեսիրական հերթական ձեռնարկն է իրականացնում 50 երեխայի եւ 37 ընտանիքի համար:

«Լյուքսեմբուրգում իր երեխաների հետ կազմակերպելով համերգ` Մարին հանգանակված գումարով կատարել է անհրաժեշտ գնումներ, որի հասցեատերերը կրտսեր դպրոցահասակներն են եւ նրանց ընտանիքները: Ինչպես նշում է Մարին, ինքն իր օրինակով սովորեցնում է երեխաներին՝ լինել կարեկից եւ օգտակար, առավել ուշադիր շրջապատի նկատմամբ: Հերթական անգամ Մարիի եւ նրա ընտանիքի բարեսիրական ծրագրի շահառուներն իրենց հետ տուն տարան ոչ միայն անհրաժեշտ գրենական պիտույքներ, դպրոցական պայուսակ, սննդի փաթեթ, այլ նաեւ ջերմ խոսքեր ու ժպիտներ: Մարի Իսկենդերյանի եւ Սևանի համայնքապետարանի համագործակցությունը շարունակվում է»,- նշեցին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում