Հասարակական

Կարեն Սարգսյանը ներկայացրեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու հիմնավորումը

3 րոպեի ընթերցում

Կարեն Սարգսյանը ներկայացրեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու հիմնավորումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը ներկայացրեց Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակն ավելացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կարեն Սարգսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 245 մլն մ3: Կարեն Սարգսյանի խոսքով` անհրաժեշտություն է առաջացել մեղմելու հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը:

«Գործող օրենքով`Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակը սահմանվել է մինչև 170 մլն մ3: Ջրի բացթողնումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում սահմանված կարգի համապատասխան: Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքում արձանագրվել է սակավաջրություն, որն էլ հիմք է հանդիսացել օրենքի նախագծի մշակման համար»,- ասաց Սարգսյանը:

Ջրային կոմիտեի նախագահը նշեց, որ Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ գործող հինգ ջրօգտագործող ընկերությունների պայմանագրերով հաստատված 31,4 հազար հեկտար հողատարածքների ոռոգումը իրականացվում է Մարմարիկի, Ապարանի, Ազատի ջրամբարի, Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների, Հրազդան գետի և Սևանա լճի ջրի բացթողումների միջոցով:

«Հայաստանի 12 ջրամբարների առավելագույն լցվածությունը 2021 թվականին կազմել է 526,7 մլն մ3 , նախորդ տարվա առավելագույն լցվածության համեմատ դեֆիցիտը կազմել է 140,8 մլն մ3 : 2021 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ջրամբարների լցվածությունը եղել է 226,6 մլն մ3 , իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածում 351,9 մլն մ3 , ջրի դեֆիցիտը կազմում է 125,7 մլն մ3 : Հրազդան գետում ջրատվության կտրուկ նվազման պատճառով Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներից իրականացվել է չնախատեսված ջրալրում, որի արդյունքում 2021 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջրամբարներում առաջացել է 21,43 մլն մ3 ջրի դեֆիցիտ»,- եզրափակեց Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում