Մարզեր

Գեղարքունիքի մարզում կշարունակվեն էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի ուղղությամբ իրականացվող ծրագրերը

4 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում կշարունակվեն էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի ուղղությամբ իրականացվող ծրագրերը

Գեղարքունիքի մարզում կշարունակվեն էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է  «ԵՄ-ն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» և «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագրերի թիմի ղեկավար Ալլա Բերբերյանին, «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագրի Գեղարքունիքի մարզային համակարգող Սոնա Գրիգորյանին և «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի Գեղարքունիքի մարզի ծրագրերի համակարգող Վարազդատ Սարգսյանին։ Հանդիպման ընթացքում կողմները քններակել են մարզում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ուղղությամբ իրականացված և իրականացվող ծրագրերի ընթացքն ու հետագա անելիքները։ 

Ալլա Բերբերյանի ներկայացմամբ՝ «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագիրը Գերմանիայի Միջազգային Համագործակցության ընկերության կողմից իրականացվող ԷԿՈսերվ ծրագրի մաս է, որը մեկնարկել է 2023 թվականի հունվարին՝ Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Շիրակի և Սյունիքի մարզերում։ 

Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերի արդյունքում, ընդհանուր առմամբ, 28 համայնքապատկան շենքում իրականացվել են էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի միջոցառումներ։

«Հայաստանի Վերականգնող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամը» տեղադրել է 15-150 կիլովատտ ժամ հզորության արևային ֆոտովոլտային կայաններ Մարտունի, Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքների 10 հանրային շենքում, որոնց ցանկում են նաև Մարտունու, Գավառի և Սևանի բժշկական կենտրոնների շենքերը։ 

Նույն ծրագրի շրջանակներում «Էներգախնայողության աջակցման հիմնադրամի կողմից Ճամբարակ, Գավառ, Մարտունի և Սևան համայնքների 18 համայնքապատկան շենքում տեղադրվել են 3-10 կիլովատտ հզորության արևային կայաններ։ 

Բացի այդ, Գեղարքունիքի մարզում 141 ընտանիք ստացել է էներգախնայող վառարաններ՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղից տեղահանված 56 ընտանիք։ 

Սևան և Գավառ համայնքներում ընտրված 8 խոցելի տնային տնտեսությունում իրականացվել են ջերմամեկուսացման միջոցառումներ։ 

Ծրագիրը կավարտվի 2025 թվականի մարտի 31-ին, սակայն համագործակցությունը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ կշարունակվի «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: 

Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի մայիսի 1-ից՝ 3 տարի ժամկետով: Ծրագիրը ձգտում է բարելավել գյուղական համայնքների կարողությունները՝ դիմակայելու և հարմարվելու փոփոխվող կլիմայական պայմաններին: 

Մարզպետ Կարեն Սարգսյանը, իր գոհունակությունը հայտնելով Գեղարքունիքի մարզում իրականացված էներգաարդյունավետության և էներգախնայողության ծրագրերի արդյունքներից ու համատեղ աշխատանքից, հավելել է, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմն այսուհետ էլ կշարունակի հետևողական աջակցություն ցուցաբերել ընթացքի մեջ գտնվող կամ առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացմանը։ 

Կարեն Սարգսյանն առաջարկել է էներգաարդյունավետության և էներգախնայողության ծրագրերի իրականացման համար թիրախային ուղղություններ համարել հանրակրթական դպրոցների և բուժամբուլատորիաների շենքերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում