Մշակույթ

«Ժամանակիդ շունչը դարձիր». Գրքի երևանյան 4-րդ փառատոնը կամրապնդի գրող- ընթերցող-հրատարակիչ կապը

6 րոպեի ընթերցում

«Ժամանակիդ շունչը դարձիր». Գրքի երևանյան 4-րդ փառատոնը կամրապնդի գրող- ընթերցող-հրատարակիչ կապը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի երևանյան չորրորդ փառատոնը, որը տարիներ շարունակ միտված է գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրապնդմանը, 2021-ին կանցկացվի հուլիսի 30-ին և օգոստոսի 1-ին Հայաստանի նկարիչների միությունում, «Զանգակ» գրատանը և «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնը կրում է չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» կարգախոսը:

Փառատոնի շրջանակում գիր-գրականության երկրպագուները ոչ միայն հնարավորություն կունենան սիրված հեղինակների գրքերը ձեռք բերել զեղչերով, այլև մասնակցել քննարկումների, շնորհանդեսների, համերգի, ֆիլմի դիտման և այլ հետաքրքիր միջոցառումների:

Սպասված նախաձեռնության մանրամասների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է փառատոնի կազմակերպչական թիմի անդամ Անի Հովնանյանի հետ:

Նրա խոսքով՝ փառատոնի ցուցահանդես-վաճառքին, որը կանցկացվի Նկարիչների միությունում, մասնակցելու է 37 հրատարակչություն. ընդգրկված են բոլոր խոշոր հրատարակիչները՝ «Անտարեսը», «Զանգակը», «Բուկինիստը», «Էդիթ պրինտը» և այլն: «Ուրախալի է, որ մասնակցում են նաև թանգարանները, գիտահետազոտական կենտրոնները՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Հովհաննես Թումանյանի թանգարանը, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը»,-տեղեկացրեց Հովնանյանը:

Չորրորդ փառատոնի ընթացքում կանցկացվի մոտավորապես 35 միջոցառում՝ ուղղված ընթերցողների լայն շրջանակին: Կազմակերպիչները չեն մոռացել նաև մանուկներին: «Նախատեսվում է «Հեքիաթաթերապիա», որի բանախոսներն են գրականագետ Նվարդ Վարդանյանը և «Թերապևտիկ հեքիաթներ» շարքի հեղինակ Քրիստինե Մկրտչյանը, կլինի հանդիպում «Վիշապաքարի գաղտնիքը» պատանեկան գրքի հեղինակ Արտավազդ Եղիազարյանի հետ, «Զանգակը» կկազմակերպի Նիլ Գեյմանի «Քորլայն»վեպի շնորհանդեսը, «Արևիկը»՝ Գիլյերմո Դել Տորոյի «Ֆավնի լաբիրինթոսը»գրքի շնորհանդեսը: Գիրքը կարող է հետաքրքրել հատկապես 12-17 տարեկան ընթերցողներին:

Հատուկ հյուրերի պակաս ևս չի լինի։ Ընթերցողներին կարող է հետաքրքրել «Հետ գնա՞նք 60-ականներ Ալեքսանդր Թոփչյանի հետ» դասախոսությունը գրականության մասին, Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, նա ընթերցողներին կպատմի իր ընտանեկան հուշերից»,- նշեց Հովնանյանն ու հավելեց, որ հուլիսի 31-ին փառատոնը երաժշտական կատարումներով կզարդարի Լիլիթ Պիպոյանը, որի երաժշտությունը մեղեդային է, գեղեցիկ: Նրա համերգով կփորձեն դրական տրամադրություն փոխանցել մարդկանց:

Անի Հովնանյանը հետաքրքիր համարեց նաև հանդիպումները ժամանակակից հեղինակ Արամ Պաչյանի հետ, որը Եվրոպական Միության գրական մրցանակի է արժանացել, Մարկ Արենի հետ, որի «Այնտեղ, որտեղ ծաղկում էին վայրի վարդեր» և մյուս գրքերը բեսթսելերներ են դարձել, հիշարժան կլինի նաև Հրանտ Մաթևոսյանի այրի Վերժինե Մովսիսյանի հետ հանդիպումը, որը կվարի նրա և Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը:

Գրքի երևանյան փառատոնի կարևոր մասն է գրական մրցույթը: «Մրցույթի շրջանակում հեղինակներին կարդում են այնպիսի մարդիկ, որոնք ակտիվ գործող գրականագետներ են, թերթեր, կայքեր ունեն և ուշադրության կենտրոնում են պահում գրողներին: Ժյուրիի անդամներն են գրաքննադատ, գրող, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը, որը նաև այսօր է երիտասարդների, ժամանակակիցների մասին գրում, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Խանջյանը, որը «Գրեթերթի» խմբագիրն է և կարող է հետաքրքիր անուններ գտնել,գրականագետներ Ալվարդ Սեմիրջյանը, Քրիստինե Հովհաննիսյանը, որոնք ակտիվ անդրադառնում են ժամանակակից գրականության տեսական խնդիրներին, գրականագետ Հասմիկ Խեչիկյանը, որը cultural.am կայքի խմբագիրն է և կարող է հրատարակել երիտասարդ նոր անունների գործերը»,-ասաց Անի Հովնանյանը:

Մրցույթը, որն անցկացվում է «Արձակ» (1 մրցանակ) և «Պոեզիա» (1 մրցանակ) անվանակարգերում, ստացել է 146 հայտ, ինչը բավականին լավ ցուցանիշ է: «Արձակ» անվանակարգում ներկայացվել է 70, «Պոեզիա» անվանակարգում՝ 76 հայտ: Մրցույթի արդյունքները հայտնի կդառնան փառատոնի փակման արարողության ժամանակ՝ օգոստոսի 1-ին: Ստեղծագործությունների գնահատման չափանիշներն են՝ կառուցվածքը, լեզուն և ոճը, գեղարվեստական տեքստի ինքնատիպությունը։

Անդրադառնալով փառատոնի նպատակին՝ Հովնանյանն ասաց, որ դեռ 2017-ին մեծ ոգևորությամբ է ընդունել գաղափարը, որովհետև շատ կարևոր է, երբ ընթերցողը, գրողը, հրատարակիչը միանում են, և հնարավորություն է ստեղծվում ներկայացնելու արդյունքները: «Տարիների ընթացքում մեծանում է միջոցառումների, մասնակից հրատարակիչների թիվը, որակն է բարելավվում, փառատոնը փորձ ու հեղինակություն է ձեռք բերում, բայց առաջնահերթությունները մնում են նույնը. ձգտում ենք ամրացնել գրող-ընթերցող-հրատարակիչ շղթան և ևս մեկ անգամ ցույց տալ, որ քաղաքը կարդում է»,- եզրափակեց Անի Հովնանյանը:

Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում