Վրաստանում կորոնավիրուսի «դելտա պլյուս» հիմնամանրէով վարակման երկու դեպք է հայտնաբերվել
2 րոպեի ընթերցում
![Վրաստանում կորոնավիրուսի «դելտա պլյուս» հիմնամանրէով վարակման երկու դեպք է հայտնաբերվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/07/1059224.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր՝ «դելտա պլյուս» հիմնամանրէով վարակման երկու դեպք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Новости-Грузия» պորտալին, այս մասին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Պորտալը նշում է, որ «դելտա պլյուսը» առաջին անգամ Հնդկաստանում 2020 թ. հոկտեմբերին հայտնաբերված «դելտա» հիմնամանրէի նոր տեսակն է: «Դելտա պլյուսի» հայտնաբերման մասին առաջին անգամ հայտարարել են Մեծ Բրիտանիայում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ այս հիմնամանրէն կրկնակի անգամ ավելի հեշտ է տարածվում, քան «դասական»՝ չինական հիմնամանրէն, որից սկսվել է համավարակը:
Վրաստանում ներկայումս վարակվածների մինչեւ 50 տոկոսը վարակված են «հնդկական հիմնամանրէով»: Դրա տարածումը սկսվել է մայիսին։
Վարակվածների մյուս կեսը վարակված է կորոնավիրուսի «բրիտանական հիմնամանրէով", որը Վրաստանում հայտնվել է փետրվարի վերջին:
Համաճարակաբանները կանխատեսում են, որ մոտ ժամանակներս «հնդկական հիմնամանրէն» ամբողջությամբ կփոխարինի «բրիտանականին»: