Մարզային

Գեղարքունիքի մարզում հանդես կգա Ֆրանսիական «Ալե Էգայան» պարային համույթը

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում հանդես կգա Ֆրանսիական «Ալե Էգայան» պարային համույթը

ԳԱՎԱՌ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետարանում հյուրընկալվեցին ֆրանսիական «Ալե Էգայան» պարային համույթի տնօրեն Բրունո Միաշուն , նույն համույթի գեղարվեստական ղեկավար Միշել Ալե Էգայան եւ Ֆրանս-ֆորմասիոն ինտերնասիոնալ կազմակերպության տնօրեն Լիլյա Շալունցը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզպետարանում նրանց ընդունեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Նարեկ Մանուկյանը, Ռուբիկ Նավոյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը եւ մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը: Հանդիպման ընթացքում ֆրանսիացի հյուրերը խոսեցին այն ծրագրի մասին, որը առաջիկա օրերի ընթացքում «Ալե Էգայան» պարային համույթի կողմից նախատեսվում է ներկայացնել հանդիսատեսին:

«Գեղարքունիքի մարզ-Իզերի դեպարտամենտալ խորհուրդ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Իզերի դեպարտամենտի հրավերով «Ալե Էգայան» ընկերությունն աշխատել է «Մի ընձյուղ է դուրս գալու» ներկայացման ստեղծման վրա` Սենտ-Անտուան-լ’Աբբեիի թանգարանի ծրագրի շրջանակներում: Այն պատմում է արեւելքի եւ արևմուտքի հոգեւորականների կողմից մշակված գիտելիքների եւ հմտությունների տարածման մասին: Երեք գործողությամբ պարային պիեսը ինքնատիպ ստեղծագործություն է, որը հիմնված է ինչպես արվեստի, այնպես էլ գիտության վրա եւ պարային համույթի ու թանգարանի արդյունավետ համագործակցության արդյունքն է»,- ասաց «Ալե Էգայան» պարային համույթի տնօրեն Բրունո Միաշուն:

Իր խոսքում «Ալե Էգայան» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Միշել Ալե Էգայան նշեց, որ այդ նախաձեռնության նպատակն է՝ օգտագործել ֆրանսերենն ուսումնասիրող երեխաների հնարավորությունները, նրանց մեջ խորացնել եւ հնարավորություն տալ՝ պահպանելու ֆրանսերեն լեզուն:

«Հրաշալի երեխաներ ունեք ձեր մարզում, եւ տարեցտարի նկատելի է նրանց առաջընթացը: Մենք շատ գնահատում ենք նրանց կատարած աշխատանքը եւ հույս ունենք, որ Գեղարքունիքի մարզի եւ Իզերի դեպարտամենտի միջեւ առկա համագործակցությունը կունենա շարունակական բնույթ, եւ կընդլայնվեն համագործակցության ոլորտները»,- նշեց նա:

«Ալե Էգայան» պարային ներկայացումներով արդեն հանդես է եկել Գավառ եւ Սևան քաղաքներում:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում