Բազմաժանր գրականություն, հանդիպումներ, շնորհանդեսներ. մեկնարկել է «Նյումեգի» ամառային փառատոնը 

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նյումեգ» հրատարակչությունը, որը հիմնադրվել է 2018 թվականին, տարիների կատարած լայնածավալ աշխատանքն ամփոփում է գրական միջոցառմամբ՝ «Նյումեգի» ամառային փառատոնով, որի շրջանակում ընթերցողները կարող են զեղչերով գրքեր ձեռք բերել, մասնակցել հետաքրքիր քննարկումների, շնորհանդեսների և այլ միջոցառումների, իսկ ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ունեն համագործակցային նոր կապեր հաստատել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնը, որի հիմնական նպատակն է խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելերներ, մեկնարկեց հուլիսի 16-ին «Երազ» այգում:

«Նյումեգ» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը, ներկայացնելով իրենց ձեռքբերումները, շեշտեց, որ հրատարակել են 50-ից ավելի գիրք, ունեն ավելի քան 40 հեղինակ, որոնցից 5-ը՝ տեղացի, իսկ 35-ը՝ արտասահմանյան: Թարգմանում են ավելի քան տասը լեզվով և վաճառել են արդեն 70 000-ից ավելի գիրք:

«Այսօր աշխատում ենք ավելի քան 50 գրավաճառի հետ, կառուցել ենք շատ առողջ, ջերմ ու սրտացավ հարաբերություններ և հենց նրանց շնորհիվ «Նյումեգը» ունի այն, ինչ ունի, հասել է այստեղ և կարող է խոսել ապագայից»,-ասաց նա:

Ալեքսանյանը հույս ունի, որ այդ ապագայում կարող են հանդիպել հրատարակչության 5-ամյակին կամ 100-րդ գրքի շնորհանդեսին:

Հրատարակչության տնօրենը հիշեցրեց՝ երբ հիմնել են «Նյումեգը», խմբագրությունը բաղկացած է եղել հինգ հոգուց, իսկ հիմա մեծ ընտանիք են: Նա նշեց, որ «Նյումեգը» չէր լինի առանց գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի, որի շնորհիվ կարողացել են և կարող են չամաչել տպագիր հայերենից: «Ամեն գրքի հետ մենք անում ենք առավելագույնը հայերենը սիրելի դարձնելու համար: Գնելի հետ պայքարում ենք, որ չհնչի մեզ համար այն վիրավորական նախադասությունը, թե հայերենը հարմար չէ թարգմանությունների, ժամանակակից տերմինաբանության, դիսկուրսի համար»,- շեշտեց Ալեքսանյանն ու հավելեց, որ կա հարուստ, խորը, ճկուն, ու զարմանալի դիպուկ հայերեն, որը պետք է իմանալ, իսկ Նալբանդյանը այն գիտի ու փոխանցում է գրքերի միջոցով:

Ալեքսանյանն անդրադարձավ նաև արտ տնօրեն Էդիկ Պողոսյանին, որի հետ աշխատում են 12 տարի: «Նա կիսում է գրքերի դիզայնի և՛ պատասխանատվությունը, և՛ պատիվը, և՛ միտքը, և կատարումը: Հենց նրա ջանքերով մեր գրքերը ոչ միայն հաճելի է ընթերցել, այլև ձեռք բերել, լուսանկարել, ցուցադրել և այլն»,- ասաց Արտակ Ալեքսանյանը:

Խոսելով փառատոնի կարևորության մասին՝ «Նյումեգի» գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը վստահեցրեց, որ փառատոնը բոլորի հաջողությունների առաջին քայլն է: «Փառատոն ասելով չպետք է պատկերացնենք միայն տոնավաճառ: Այս փառատոնը յուրատեսակ վայր է, որտեղ հանդիպում են թարգմանիչներ, սրբագրիչներ, խմբագիրներ, հրատարակիչներ, տպագրիչներ, վաճառքի գործակալներ, հեղինակային իրավունքի մասնագետներ, դիզայներներ և այլք: Սա մտքերի փոխանակման հետաքրքիր տեղ է: Փառատոնը հնարավորություն է տալիս շատ ընկերական մթնոլորտում քննարկել գործնական հարցեր»,- ասաց Նալբանդյանը:

Նա չբացառեց, որ «Նյումեգի» փառատոնը կարող է մարզային, բուհական փուլեր ունենալ: «Մեզ համար շատ կարևոր է ուսանողների հետ աշխատելը, քանի որ մեր հրատարակած գրքերի զգալի մասը հասարակագիտական, քաղաքագիտական բնույթի են, և բովանդակությունը կարող է հետաքրքրել ուսանողներին ու դասախոսներին»,- եզրափակեց Նալբանդյանը:

«Արմենպրես» լրատվական գործակալության մարզական լրագրող Վարվառա Հայրապետյանը, որը վարեց փառատոնի շրջանակում կազմակերպված սպորտային գրականությանը նվիրված մասը, նշեց՝ մարզական լրագրության հիմքը եղել և մնում է մարզական գրականությունը: «Դժբախտաբար, միայն վերջին շրջանում է, որ համաշխարհային մարզական բեսթսելերներ են թարգմանվում հայերեն: Մարզական գրականությունը Հայաստանում նոր թափ է հավաքում, և վաղ թե ուշ գալու է մի օր, երբ մենք` Հայաստանի մարզական լրագրողներս, գրելու ենք հայ մարզիկների մասին»,- ասաց Հայրապետյանը:

«Նյումեգի» փառատոնին նախատեսվում են հանդիպումներ գրողների հետ, գրական ընթերցումներ, կգործի քննարկումների սրահ, կանցկացվեն բաց դասախոսություններ և երաժշտական կատարումներ: Փառատոնը կտևի մեկ օր:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն