Հասարակական

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվեց 2 ամսով

2 րոպեի ընթերցում

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվեց 2 ամսով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատարանի որոշել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կիրառել 2 ամիս ժամկետով կալանք: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանի «Ֆեյսբուք»-ի էջից:

Պաշտպանը տեղեկացրել է, որ գիշերը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, քննարկելով Փարամազյանի ձերբակալման իրավաչափության և նրա նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու հարցը, որոշում է կայացրել ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչել և վերջինիս նկատմամբ կալանք կիրառել 2 ամիս ժամկետով:

Սահակյանն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 8-ին ժամը 11:15-ին Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը Քաջարան քաղաքից բերման է ենթարկվել Երևան՝ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտ: Քննչական դեպարտամենտ Մանվել Փարամազյանը ներկայացվել է արդեն հուլիսի 9-ին, ժամը 01:24-ին, երբ և կազմվել է նրան ձերբակալելու մասին արձանագրությունը: Հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Մանվել Փարամազյանի ձերբակալման իրավաչափությունը վիճարկվել էր դատարանում, միաժամանակ վարույթն իրականացնող մարմինը դատարան էր ներկայացրել Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին միջնորդություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում