Շիրակի մարզը կունենա 3 նոր հրշեջ-փրկարարական կայան
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Շիրակի մարզում կառուցվում է 3 հրշեջ-փրկարարական կայան. կայանները կառուցվում են Գյումրիում, Ախուրյանում և Աշոցքում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառույցների շինարարական աշխատանքները ավարտական փուլում են։ Աշխատանքներն իրականացվում են ԱՄՆ զինված ուժերի ինժեներների կորպուսի ֆինանսավորմամբ. աշխատանքները համակարգում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
Փրկարարական ծառայության համար ժամանակակից պահանջներին համապատասխան նոր շենքերի շինարարությունը սկսվել էր 2020 թվականի ամռանը։ Հրշեջ փրկարարական Գյումրիի ջոկատի նոր շենքը կառուցվում է Անի և Մուշ թաղամասերի միջանկյալ հատվածում: Տարածքի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով երկու թաղամասերի խիտ բնակեցված լինելը: Նորակառույց շենքում փրկարարների համար ստեղծվում են վարժանքների և ծառայության համար բոլոր պայմանները: Հրշեջ և փրկարարական ավտոմեքենաները կունենան համապատասխան ստանդարտներով ավտոտնակ։ Շենքն ամբողջությամբ ջերմամեկուսացվում է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը, հրշեջ-փրկարարական նոր կայանների գործունեությունը կնպաստի հրշեջ ծառայությունների և արտակարգ իրավիճակների արձագանքման հնարավորությունների բարձրացմանը։
Արմենուհի Մխոյան