Գյումրիում բացվեց Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ
4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում այսուհետև կգործարկվի Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ գրասենյակը կգործի ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հայփոստի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Հունիսի 23-ին գրասենյակի բացման արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հայփոստ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ, այլք։
Գրասենյակը Շիրակի մարզի բնակիչներին հնարավորություն կտա մեկ վայրում ստանալ շուրջ 110 ծառայություն, ինչպես ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, այնպես էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի ոլորտներում:
«Հանրային ծառայությունների մատուցման որակից է կախված նաև պետություն-քաղաքացի փոխհարաբերությունը: Սա արդեն երրորդ միասնական գրասենյակն է, որ բացվում է Հայաստանի Հանրապետությունում՝ երկրորդը, որ բացվում է Հայփոստի միջոցով: Այս գրասենյակի շնորհիվ Շիրակի մարզի քաղաքացիները կարող են մեկ հարկի տակ օգտվել մոտ 110 ծառայություններից: Մեկտեղման կարևորագույն գործոններից մեկն այն է, որ հնարավորություն են տալիս մատուցելու միաժամանակյա մեկտեղված ծառայություններ»,- շնորհավորելով բոլորին՝ նշեց Տիգրան Ավինյանը:

«Այն, ինչ հիմա տեսնում ենք այստեղ ժողովրդավարական գործիքների ներդրումն է՝ թափանցիկություն, քաղաքացիների համար հասանելիություն, պարզություն: Մեր կառավարությունը մի շարք ծրագրեր ունի հանրային կառավարման բարեփոխումների և հանրային ծառայությունների մատչելիության առումով: Առաջին հերթին դա գործընթացների պարզեցումն է, երկրորդ՝ թվայնացումը և երրորդ՝ նմանատիպ ծառայությունների միասնական կենտրոնների բացումը»,- նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ հույս հայտնելով, որ նման ծրագրերն ու բարեփոխումները շարունակական կլինեն:
«Հայփոստը վերափոխման ճանապարհին է, և զարգացման ռազմավարությունով նպատակ ունենք սկիզբ դնել նոր ծառայությունների, սպասարկման նոր ստանդարտների և առաջադեմ լուծումների մատուցմանը: Հայփոստն ունի ՀՀ-ում ամենամեծ ցանցը, որը հաճախորդի համար կդառնա առավել հարմարավետ, նորարար և տեխնիկապես հագեցված»,- միջոցառման ավարտին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Փոստային բաժանմունքների ցանցի տնօրեն Կարեն Մկրտումյանը՝ հավելելով, որ Հայփոստի տեսլականն է որպես Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր դառնալ Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում հուսալի և ժամանակակից փոստային, լոգիստիկ, ֆինանսական և պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակ:

Նորաբաց գրասենյակը այսուհետ գյումրեցիներին ու քաղաք այցելած հյուրերին կընդունի Կայարանամերձ հրապարակի Հայփոստի 3102 փոստային բաժանմունքում։
Արմենուհի Մխոյան