ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գրադարանների կենտրոնացված համակարգ» համայնքային ոչ առևտրային կամզակերպությունը կկրի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Գրադարանների կենտրոնացված համակարգ» համայնքային ոչ առևտրային կամզակերպությունն անվանակոչելու և կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը քննարկվեց հունիսի 22-ին Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստին: Այն ընդունվեց 32 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայնով:
Նախագիծը ներկայացրեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբացության անդամ Հայկ Միրզոյանը: Նա նշեց. «Հայ ժողովրդի ականավոր զավակ, մեծանուն երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան Շառլ Ազնավուրն անջնջելի հետք է թողել յուրաքանչյուր հայի սրտում՝ իր ողջ ստեղծագործական կյանքը նվիրելով մարդկային հույզերին, անհատի և մարդկության ամենանվիրական զգացմունքներին, հայրենիքին, անսահման մեծ հոգատարություն և ծառայություն մատուցել Հայաստանին, անուրանալի ավանդ թողել համաշխարհային մշակույթին և գրականությանը: Արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման, պարգևատրվել ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով, Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանով՝ կոմանդորի աստիճան և այլ բազմաթիվ շքանշաններով, աշխարհի շատ երկրների պետական պարգևներով»: