Ալ. Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցը համերգներով, ճանաչողական ծրագրերով կտոնի կոմպոզիտորի հոբելյանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը, կարևորելով մեծանուն կոմպոզիտորի 150-ամյա հոբելյանը, պարբերաբար հանդես է գալիս համերգներով, գիտական-ճանաչողական նախաձեռնություններով՝ փորձելով նպաստել Սպենդիարյանի թողած հարուստ մշակութային ժառանգության հանրահռչակմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը դպրոցի տնօրեն Մարինա Վարդանյանն ասաց, որ մեծ պատասխանատվությամբ են մոտենում կոմպոզիտորի հոբելյանին:
«Տարվա սկզբից դպրոցի բացօթյա բեմում կազմակերպում ենք սպենդիարյանական երեկոներ, որոնք շարունակական բնույթ են կրում, իրականացնում ճանաչողական դասընթացներ սպենդիարյանական թեմաներով, որոնց շրջանակում անդրադառնում ենք «Ռիմսկի-Կորսակով և Սպենդիարյան», «Սպենդիարյան և հայ կոմպոզիտորներ» և այլ թեմաների: Այդ միջոցառումները ևս շարունակական են»,-նշեց Վարդանյանն ու հավելեց, որ բոլոր համերգներն այս տարի նվիրելու են կոմպոզիտորի 150-ամյակին:
Հոբելյանի շրջանակում Ավետիք Իսահակյանի գրադարանի հետ ցերեկույթներ են կազմակերպում, հնչեցնում են կոմպոզիտորի երաժշտությունը, ինչն ուսուցողական ու ճանաչողական նպատակ ունի: Դպրոցի տնօրենը կարևորում է այն, որ այցելուներն իմանան, թե ով է եղել Սպենդիարյանը, ինչ է ստեղծել:
«Բազմաթիվ մենահամերգներ, դասարանական համերգներ ենք կազմակերպում: Նոյեմբերին կոմպոզիտորի տուն-թանգարանի հետ 25-րդ անգամ միջոցառմամբ կկազմակերպենք պատանի երաժիշտների մուտքը երաժշտության աշխարհ, և նրանք երդում կտան Սպենդիարյանի տուն-թանգարանում: Դա հուզիչ միջոցառում է»,-եզրափակեց Մարինա Վարդանյանը: