ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «InTourExpo 2021» 7-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը մեկտեղել է զբոսաշրջության և ակտիվ հանգստի լավագույն առաջարկները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը անց է կացվելու հունիսի 4-6-ը՝ Հայաստանի նկարիչների միությունում:
Ցուցահանդեսին մասնակցում է ոլորտի շուրջ 50 ներկայացուցիչ՝ Հայաստանից և Արցախից:
ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը միջոցառումն անվանեց յուրահատուկ և ասաց, որ նմանատիպ իրադարձություններին իրենք մեծ ուշադրություն են դարձնում:
«Բելառուսական «Բելավիա» ավիաընկերության միջոցով արդեն երկու տարի շարունակ իրականացվում են Երևան-Մինսկ-Երևան չվերթները, սերտ համագործակցություն կա մեր երկրների միջև: Հայաստանն ինձ համար ապշելու երկիր է, արդեն կես տարի բնակվում եմ այստեղ և չգիտեմ կհեռանա՞մ այս երկրից, թե ոչ: Ինձ համար այստեղ շատ հանգիստ է ու հարմարավետ»,- նշեց Կոնյուկը:
ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալն ընդգծեց, որ այս միջոցառումը կարևոր է, քանի որ Հայաստանի սահմանները, չնայած COVID-19-ին, արդեն բաց են տարբեր երկրների համար:
«Նմանատիպ միջոցառումները կարևոր են տնտեսական տեսանկյունից: Այսպիսի ցուցահանդեսներ պետք է ավելի հաճախ կազմակերպվեն, որպեսզի ավելի շատ մարդ իմանա Հայաստանի մասին: Այս երկիրը դեռ շատ պոտենցիալ ունի, որ պետք է բացահայտվի: Ամեն տարի բազմաթիվ հնդիկ զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան, վերջին 3 տարում 100 տոկոսով ավելացել է նրանց թիվը՝ նախորդ տարիների համեմատ»,- նշեց Դան Դեվալը:
Արցախի Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Գևորգ Առաքելյանը հայտնեց, որ միջոցառմանն Արցախը ներկայացվել է որպես տարվա նախընտրելի ուղղություն:
«2020 թվականի պատերազմը բացասական ազդեցություն ունեցավ զբոսաշրջության ոլորտի վրա, տասնյակ տեսարժան վայրեր անցել են թշնամու վերահսկողության տակ: Մեր կառավարությունը քայլեր է ձեռնարկում, ծրագրեր մշակում՝ այլընտրանքային զբոսաշրջային վայրեր ստեղծելու համար»,- ասաց Առաքելյանը:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը շատ կարևորեց իրադարձությունը, քանի որ անգամ պատերազմից հետո ու կորոնավիրուսի պայմաններում պետք է նորից շունչ տալ զբոսաշրջությանը:
«Մենք պետք է առաջ շարժվենք, աշխատենք և փորձենք հզորանալ: Նահատակված մեր հերոսները նպատակ են ունեցել ապրեցնել Հայաստանը, Արցախը, հայ ժողովրդին ու պահպանել մեր պետականությունը: Բոլորս այդ ուղղությամբ աշխատելու բազմաթիվ աանելիքներ ունենք»,- շեշտեց Ապրեսյանը և հավելեց, որ պետք է ապրել ու արարել, որպեսզի երկիրն ավելի բարգավաճի:
Ցուցահանդեսի կազմակերպիչ Վահագն Միրիջանյանն էլ նշեց, որ միջոցառումը կնպաստի ոլորտի վերականգնմանն ու զարգացմանը:
Ցուցահանդեսի շրջանակում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ համատեղ անց է կացվելու ֆորում՝ զբոսաշրջության առկա իրավիճակի վերլուծության և խնդիրների լուծման հնարավոր տարբերակների քննարկմամբ: