ՀՀ նախագահ

Նախագահի աշխատակազմը ՀՀ տեղափոխված 73 արցախցի ընտանիքների կարիքների համար ուղղել է շուրջ 28 մլն դրամ

2 րոպեի ընթերցում

Նախագահի աշխատակազմը ՀՀ տեղափոխված 73 արցախցի ընտանիքների կարիքների համար ուղղել է շուրջ 28 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահի աշխատակազմը 2020-ին պատերազմի արդյունքում Հայաստանում ժամանակավորապես ապաստանած 73 ընտանիքի կեցության և սննդի կազմակերպման համար ուղղել է 28 մլն 700 հազար դրամ:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշետվության նախնական քննարկմանը:

«Հաշվետու ժամանակահատվածում կորոնավիրուսի համավարակի, ինչպես նաև Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով առաջացած խնդիրներով պայմանավորված՝ նախագահի աշխատակազմի կողմից ցուցաբերվող աջակցությունը հիմնականում միտված է եղել սոցիալական խնդիրների լուծմանը: Իրականացվել է 21 բարեգործական ծրագիր»,- ասաց Տարասյանը:

Աջակցություն է տրամադրվել համավարակով պայմանավորված սոցիալական ծանր վիճակում գտնվող, սննդի ապահովման, սահմանամերձ շրջաններում հեռավար կրթության համար համակարգչային տեխնիկայի կարիք ունեցող, Գյումրիում տնակային պայմաններում բնակվող, Երևանի և մարզերի բազմազավակ, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի կարիքավոր ընտանիքներին:

«Աջակցություն է տրամադրվել Արցախում զոհված զինծառայողների և Հայաստանում ժամանակավորապես ապաստանած Արցախից տարհանված ընտանիքներին: 2020-ին նախագահի աշխատակազմի կողմից 28 մլն 700 հազար դրամ է հատկացվել Հայաստան տեղափոխված արցախցի 73 ընտանիքների՝ շուրջ 290 անձանց կեցության և սննդի կազմակերպման համար»,- ասաց աշխատակազմի ղեկավարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում