Ստորագրվել է «Հայաստանի համար ՄԱԿ Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ»-ը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունում փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ստորագրել են «Հայաստանի համար ՄԱԿ Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթուղթը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից, մինչ ստորագրման արարողությունը Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նշելով, որ փաստաթղթում նշված բոլոր ոլորտներն ու ուղղությունները Հայաստանի համար առանցքային դերակատարություն ունեն: Փոխվարչապետի պաշտոնակատարն իր խոսքում մասնավորապես նշել է. «Այսօր ստորագրվող փաստաթղթի շնորհիվ, կարծում եմ, մենք առավել կկենտրոնացնենք մեր համատեղ ջանքերը ՄԱԿ-ի 2030 կայուն զարգացման օրակարգը կենսագործելու ուղղությամբ»:

Ըստ աղբյուրի՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի կողմից ստորագրված Գործընկերության շրջանակը ՄԱԿ-ի ռազմավարական կարևորագույն փաստաթուղթն է, որը սահմանում է Հայաստանում գործող ՄԱԿ-ի բոլոր կառույցների աշխատանքը առաջիկա հինգ տարիների ընթացքում:

Զարգացման ազգային առաջնահերթությունների հիման վրա մշակված համաձայնագիրը ամփոփում է ՄԱԿ-ի՝ Հայաստանում գործող և ոչ ռեզիդենտ 20 կառույցների հավաքական առաջարկը երկրին, որով ՄԱԿ-ը 230 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն է հայտնում՝ ի շահ հայ ժողովրդի:

Ստորագրման արարողության ժամանակ Շոմբի Շարփը ընդգծել է. «Գործընկերության շրջանակը նոր կարևոր ուղենիշ է Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության միջև արդեն իսկ խորը համագործակցության ուղղությամբ։ Մենք համոզված ենք, որ մեր գործընկերների հետ համատեղ ջանքերով կարևոր ներդրում կունենանք համավարակի և հակամարտության կրկնակի ճգնաժամի ժամանակահատվածում՝ օգնելով երկրին առաջ շարժվել դեպի ավելի լուսավոր, խաղաղ և բարեկեցիկ Հայաստան: Այս համաձայնագիրը սահմանում է Հայաստանում ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների հավակնոտ և հավաքական տեսլականը, որի նպատակն է բարելավել մարդկանց բարեկեցությունն ու հնարավորությունները, նպաստել տնտեսական «կանաչ» բարեփոխումներին, ամրապնդել արդյունավետ կառավարման համակարգը և խթանել գենդերային հավասարությունը՝ չանտեսելով ոչ մեկին»:

Գործընկերության շրջանակը 14 ամիս տևած խորհրդակցությունների գործընթացի արդյունք է, որն իրականացվել է Հայաստանի կառավարության, ազգային այլ գործընկերների հետ, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների, միջազգային գործընկերների, մասնավոր հատվածի, գիտական շրջանակի և միջազգային ՀԿ-ների հետ: Այն նաև արտացոլում է Հայաստանում ապրող մարդկանց կարծիքը, որ հավաքագրվել է ՄԱԿ-75 գլոբալ հետազոտության միջոցով: Գործընկերության շրջանակն արտացոլում է նաև ՔՈՎԻԴ-19 համավարակի և Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտության հետևանքների հաղթահարմանն ուղղված արձագանքման միջոցառումները։

Գործընկերության շրջանակը հիմնված է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև 2016-2020 թթ. ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի (ՄԱԿԶԱԾ) շրջանակում արդյունավետ համագործակցության վրա, որի արդյունքում ընդլայնվել են կայուն տնտեսական հնարավորությունները, կատարելագործվել են ժողովրդավարական կառավարման համակարգերը, առաջընթաց է գրանցվել գենդերային անհավասարության նվազեցման հարցում, ամրապնդվել են միգրացիայի, սահմանների և ապաստարանների կառավարման համակարգերը, բարելավվել է հիմնական կրթության և սոցիալական պաշտպանության ծառայությունների հասանելիությունը, ավելի մատչելի են դարձել որակյալ բժշկական ծառայությունները և բարելավվել է էկոլոգիական միջավայրը։

Հայերեն العربية English

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ