«Օրրան»-ի սաները Արթուր Աբրահամի հետ նշեցին Երեխաների պաշտպանության միջազգային օրը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին «Օրրան» բարեգործական հիմնադրամ էր այցելել բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, որը փոքրիկների համար խորոված պատրաստեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Օրրան»-ի սաները «չեմպիոն-չեմպիոն» վանկարկումներով ընդունեցին Աբրահամին և ողջունելուց հետո գոգնոց հագցրին, որպեսզի բռնցքամարտիկն սկսի աշխատանքը:

Արթուր Աբրահամն ասաց, որ միայն խորոված պատրաստելիս է գոգնոց կրում: Նա վստահ է, որ յուրաքանչյուր հայ տղամարդ պարտավոր է համեղ խորոված պատրաստել: Բռնցքամարտիկը կարծում է, որ նման տոներն անհրաժեշտ են, սակայն իր համար յուրաքանչյուր օր երեխաների տոն է, քանի որ ապրում է նրանց համար և անում ամեն հնարավորը, որ փոքրիկները երջանիկ լինեն:

«Երեխաներն ուշադրության, սիրո կարիք ունեն: Իմ երեխաները տոնը նշելու են մանկապարտեզում, հետո միանալու եմ նրանց: Նշելու ենք և՛ երեխաների տոնը, և՛ հորս 65-ամյակը»,-ասաց նա:

Արցախի, Հայաստանի և սփյուռքի երեխաները, որոնք ներկա էին միջոցառմանը, համտեսեցին Արթուր Աբրահամի պատրաստած խորովածը, երգեցին, պարեցին՝ ցույց տալով իրենց միասնականությունը: Նրանք պարով խաղաղություն մաղթեցին բոլորին:

«Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ երեխաներն անհամբերությամբ են սպասում այս օրվան: Տոնին սպասում են նաև նվիրատուները, որոնք մտածում են, թե ինչ նվերներով պետք է ուրախացնեն փոքրիկներին:

Հովհաննիսյանի համոզմամբ՝ համավարակը աշխարհը փոխեց և մեծ ազդեցություն ունեցավ նաև երեխաների վրա: «Երեխաներն այցելում էին դպրոց, ֆիզիկապես շփվում էին իրենց ընկերների հետ, հաճախ էին փողոցում խաղում: Համավարակի պատճառով մարդկային մտերմիկ հարաբերություններն ինչ-որ չափով կորան, ու երեխաներին սկսեց առավել հետաքրքրել համակարգչային հաղորդակցումը, ինչը տխուր փաստ է: Հետո՝ պատերազմը, որը բացասական ազդեցություն ունեցավ ոչ միայն Արցախի երեխաների վրա: Այն ցավ պատճառեց նաև Հայաստանի փոքրիկներին: «Օրրան»-ում կան երեխաներ Արցախից, Լիբանանից, Սիրիայից, որոնք երբեմն պատմում են, թե ինչպես թողեցին իրենց տները»,-շեշտեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ կյանքը ցույց տվեց՝ նախ և առաջ անհրաժեշտ է հոգալ երեխաների առողջության մասին, հնարավորություն տալ, որ լավ սնվեն, կրթություն ստանան: «Եթե մեկ տարի առաջ այդ ամենը մեզ համար այնքան էլ մեծ խնդիր չէր, ապա այժմ մարտահրավեր է, ինչը հեշտությամբ չենք կարողանում հաղթահարել: Սիրտս կոտրված է. հազարավոր երեխաներ որբացան պատերազմի հետևանքով, համավարակի հետևանքով հարազատների կորցրին: Հարց էր առաջանում, թե ինչքանո՞վ է ճիշտ նշել այս տոնը: Ըստ իս՝ մենք կրում ենք այս ցավը, որ երեխաները փայլուն, երջանիկ ապագա ունենան: Պետք է սկսել այսօրվանից: Պետք է կարողանանք հաղթահարել տխրությունն ու երջանկացնել փոքրիկներին»,-եզրափակեց Արմինե Հովհաննիսյանը:

Երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925 թվականին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր 1950 թվականին:

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992-ին, որից հետո 1996-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Հունիսի 1-ը նշում են գրեթե բոլոր հետխորհրդային երկրները: Վերջին տարիներին այս օրվան են միացել նաև եվրոպական երկրներ, ԱՄՆ մի շարք նահանգներ:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ԱՄՆ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները

«Թէատրոն» փառատոնը վերադառնում է բացառիկ ներկայացումներով ու ծրագրերով

Սաուդյան նավթամուղի վրա հարձակումից հետո ԵՄ առաջնորդները մտահոգված են վառելիքի գների աճով

Չարլզ թագավորը նախազգուշացրել է, որ սխալ ձեռքերում հայտնվելու դեպքում ԱԲ-ն կարող է գոյութենական վտանգ ներկայացնել

Սեպտեմբերի 18-ի միջոցառումների անոնս

Գինու ազգային օրվա կապակցությամբ Մոլդովայի Մեծ ազգային ժողովի հրապարակում հսկայական խաղողի վազ կտեղադրվի․ Moldpres

Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Իրանից հայտնել են, որ մոտ են Օմանի հետ Հորմուզի նեղուցում միջանցքի շուրջ համաձայնագրին

ՀՀ գլխավոր դատախազն ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձն է ներկայացրել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում