Արցախ

Արայիկ Հարությունյանը Մարտունիում ծանոթացել է իրականացվող շինաշխատանքների ընթացքին

3 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը Մարտունիում ծանոթացել է իրականացվող շինաշխատանքների ընթացքին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 30-ին այցելել է Մարտունի շրջկենտրոն և ծանոթացել քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,երկրի ղեկավարը նախ եղել է մասնավոր ներդրումային ծրագրով կառուցվող բազմաբնակարան թաղամասում, որտեղ երկու տարվա ընթացքում «Ֆերզիտ» շինարարական ընկերությունը կկառուցի չորս հինգհարկանի շենքեր՝ 3 և 4 սենյականոց 116 բնակարանով: Շինարարական կազմակերպության ղեկավարի հավաստմամբ՝ շենքերը կունենան նկուղային հարկեր: Կկառուցվեն խաղահրապարակներ, ավտոկայանատեղի, կբարեկարգվի հարակից տարածքը: Շինարարությանը զուգահեռ՝ կվերանորոգվի նաև Մարտունու հին լողավազանը (պլյաժ):

Նախագահ Հարությունյանը շրջայց է կատարել նաև շրջկենտրոնի մի շարք թաղամասերում, որտեղ ակտիվ վերականգնման շինաշխատանքներ են իրականացվում, ծանոթացել է գործընթացին: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Մարտունի քաղաքը, որպես և՛ պատերազմից ամենաշատը տուժած բնակավայր, և՛ ակտիվորեն զարգացող համայնք, մշտապես գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում: Նախագահն այդ առումով տվել է մի շարք հանձնարարականներ. մասնավորապես՝ կարևորելով օրերս շահագործման հանձնված, քաղաքի կայուն էլեկտրամատակարարումն ապահովող նոր օդային գծի առկայությունը՝ նա հանձնարարել է կարճ ժամանակահատվածում Մարտունու փողոցներն ամբողջությամբ ապահովել գիշերային լուսավորությամբ: Մեկ այլ հանձնարարականով՝ վթարային բոլոր առանձնատները կապամոնտաժվեն և տեղերում բնակիչների համար կկառուցվեն արագ հավաքվող տներ:

Այցի ընթացքում Հանրապետության Նախագահը հանդիպել է 2020թ. պատերազմում զոհված և հետմահու պետական բարձր պարգևների արժանացած զինծառայողների հարազատների հետ: Նրանց հանձնելով պետական պարգևները՝ Արայիկ Հարությունյանն իր երախտագիտությունն է հայտնել բոլորին, նշել, որ կառավարությունը մշտապես գտնվելու է բոլոր զոհվածների ընտանիքների կողքին:

Նախագահ Հարությունյանը եղել է նաև Մարտունու հարակից տարածքում գտնվող նորատունկ ընկույզի այգում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում