Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր Մայիսյան եռատոնի առթիվ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին, ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ միասին, այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել հանուն Հայրենիքի զոհված ազատամարտիկների հիշատակին:

Նախագահ Հարությունյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Պաշտպանության բանակի հիմնադրման և Շուշիի ազատագրման տոների կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր հայ ժողովրդի փառավոր հաղթանակների օրն է։ Մենք հիշում և գլուխ ենք խոնարհում մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առջև, այն հերոսների, որոնք կերտեցին Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի հաղթանակները՝ նոր էջ բացելով հայոց բազմադարյա պատմության մեջ։ Պատմություն, որը լի է եղել վայրիվերումներով, դաժան փորձություններով ու կորուստներով, ձեռքբերումներով ու նվաճումներով։

Այսօր մեր ժողովուրդը կրկին ապրում է ծանր ժամանակներ, ապրում է՝ ամեն պահի կռիվ տալով իր զավակների ու Հայրենիքի կորստի ցավի հետ։ Այդ ցավն է, որ ուժ է տալիս մեզ ապրելու և արարելու, շարունակելու մեր պայքարն ավելի ամուր ու հաստատակամ կերպով և կառուցելու մեր հերոս պապերի ու հայրերի, մեր անմահ որդիների հիշատակին արժանի Հայրենիք, բոլորիս երազած Հայրենիքը։

Այո՛, ծանր սրտով ենք դիմավորում Մայիսյան եռատոնը, քանի որ ադրբեջանա-թուրքական վերջին ագրեսիայի հետևանքները մեծ խզում են առաջացրել տոնի խորհրդի հետ: Այնուամենայնիվ, մենք վճռական ենք շարունակելու մեր արդար պայքարը՝ հանուն հայրենի հողում հայ ժողովրդի անվտանգ, լիիրավ ու արժանապատիվ հարատևման, հանուն Շուշիի վերադարձի և հանուն մեր նահատակների սուրբ հիշատակի:

Հավե՜րժ փառք մեր հերոսներին։

Փա՛ռք հայ ժողովրդին»։

Հայերեն Русский

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան