Հավերժացած քաջորդիներին մեծարեցին Գավառի քաղաքային գրադարանում

5 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառի քաղաքային գրադարանում կազմակերպվել էր ոգեկոչման ու հիշատակի ցերեկույթ՝ նվիրված Արցախյան վերջին պատերազմում զոհված գավառցի հերոսներ Արմեն Աղեկյանին, Վահագն Աֆրիկյանին, Քերոբ Չատիկյանին, Արամ Պողոսյանին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ցերեկույթին մասնակցում էին զոհվածների ծնողներն ու հարազատները, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, ընթերցողներ։ Գրադարանի մշտական ընթերցող երիտասարդները նախ ներկայացրին Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասից Արմեն Աղեկյանին, խոսեցին նրա նպատակների, երազանքների մասին, հետո խոսք տրվեց հերոսի ուսուցչուհուն։

«Սպորտ էր շատ սիրում, հունահռոմեական ըմբշամարտով էր զբաղվում, մարզում առաջին տեղ էր գրավում, Հայաստանի մասշտաբով՝ առաջին, կամ երկրորդ տեղերը: Ընդունվել էր համալսարան՝ հաշվապահական հաշվառում բաժին, պետք է ծառայությունից վերադառնար, նոր սկսեր դասերը: 2019 թվականի հունվարի 11-ին էր զորակոչվել, այս հունվարին պետք է վերադառնար: Արմենը շատ պարգեւատրումներ ու պատվոգրեր ուներ, այդ թվում՝ «Բանակի գերազանցիկ» եւ «Մարտական հերթապահություն» կրծքանշաններ: Շատ լավ զինվոր է եղել, սերժանտ էր՝ դասակի հրամանատարի տեղակալ»,-ներկայացրեց ուսուցչուհի Կարինե Կարեյանը։

Հետո ներկայացրեցին Հացառատ թաղամասում ծնված, մեծացած Վահագն Աֆրիկյանին, ով եղել է խաղաղապահ բրիգադի զինվոր: Վահագն Աֆրիկյանի ապրած կյանքին, ծավալած գործունեությանն անդրադարձավ նաեւ ուսուցչուհին՝ Սվետլանա Հակոբյանը։ «Պատահական չէր, որ նա դարձավ խաղաղապահ, քանի որ ինքը միշտ երազում էր հայրենի երկրի խաղաղության ու անվտանգության մասին, շատ համեստ ու խելացի, բայց քաջասիրտ տղա էր: Եվ պատահական չէր նաեւ այն, որ ծնողներն իրենց որդուն կոչել են Վահագն՝ հայ դիցաբանության ռազմի աստծո անունով, որ պաշտպան ու զինվորը լիներ իր ազգի»,- նշեց հերոսի ուսուցչուհին:

Հետո հատվածներ ընթերցվեց հերոսի հիշատակին տպագրված գրքույկից, որը հեղինակը նրա տիկին Վարդինեն է: Հետո հնչեց երգ հերոս Վահագն Աֆրիկյանի մասին, որը կատարում էին նրա մանկահասակ որդիները:

Ապա հերոս Քերոբ Չատիկյան հիշեցին, նրա կենսագրությունն ընթերցվեց, իսկ ուսուցչուհին՝ Անահիտ Զոհրաբյանը, հանդես եկավ ոգեկոչման խոսքերով:

«Բառերը քիչ են՝ նկարագրելու մեր հերոսին, Քերոբը համեստ էր, քչախոս, ընկերասեր, մեծին հարգող»,-ասաց Անահիտ Զոհրաբյանը:

Իսկ մյուս ուսուցչուհին՝ Մարինե Զախարյանը, կոչով դիմեց ծնողներին, ասելով, որ հերոս ծնող մայրը երբեք չպիտի խեղճանա, այլ հպարտ լինի:

Քերոբին ձոնված ստեղծագործությամբ հանդես եկավ նաեւ Քերոբի քույրը:

Հաջորդ հերոսը, ում ոգեկոչեցին, Արծվաքարից Արամ Պողոսյանն էր: Հուզիչ հիշողություններով հանդես եկան Արամի դասընկերները:

Հուշ-ցերեկույթն ընդհատվում էր հայրենասիրական երգերով ու ասմունքով: Հանդես եկան նաեւ Լեւոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Վարդանյանը եւ թատրոնի ռեժիսոր, դերասան Նորայր Հերգնյանը:

Միջոցառման վերջում կոչի խոսքով հանդես եկավ հերոսների ուսուցչուհին՝ Կարինե Կարեյանը։

«Մեր հերոսները երբեք չէին ցանկանա մեզ տեսնել այսքան խեղճացած: Մենք թշնամուն հաղթելու մի տարբերակ ունենք՝ հաղթել հայի տեսակով, հայը կարող է իր դարավոր թշնամու վրեժը լուծել միայն բազմանալով: Մայրե՛ր, շատ զավակներ ծնեք, շատացրեք հայի տեսակը, որ կարողանանք իրականացնել զոհվածների անկատար թողած գործերը»,-ամփոփեց ուսուցչուհին։

Գավառի քաղաքային գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանն իր բացման ու ավարտի խոսքում վստահեցրեց, որ կենաց-մահու պայքարում հայրենիքի ազատության համար ընկած հերոսները հիշվելու եւ մեծարվելու են անուն առ անուն, որ սերունդները միշտ խոնարհվելու են նրանց փառքի առաջ ու ոգեշնչվելու են նրանց սխրալի կերպարներով:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն