Տնտեսություն

Հայաստանն ու Ղազախստանը կարևորել են Երևան-Նուր-Սուլթան-Երևան ուղիղ ավիաչվերթի վերաբացումը

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ղազախստանը կարևորել են Երևան-Նուր-Սուլթան-Երևան ուղիղ ավիաչվերթի վերաբացումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը կարևորվել է հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության դինամիկ զարգացումը և համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունն ունի ակտիվացման և զարգացման մեծ ներուժ։ Առանձնացվել են համագործակցության հետևյալ ոլորտները՝ առևտուր, բարձր տեխնոլոգիաներ, արևային պանելների արտադրություն, զարդերի արտադրություն և գյուղատնտեսություն։

Քննարկվել են երկու երկրներում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող առաջադեմ ընկերությունների միջև համագործակցության հեռանկարները և նախանշվել են դրանց ամրապնդման ու ընդլայնման նպատակով համատեղ նիստերի ու գործարար համաժողովների կազմակերպման հնարավորությունները։

Վահան Քերոբյանը բարձրացրել է երկու երկրների միջև լոգիստիկ խնդիրների առկայության հարցը, որը խոչընդոտում է առևտրատնտեսական հարաբերությունների արագ զարգացման գործընթացին։

Դեսպան Բոլատ Իմանբաևը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ղազախստանի քաղաքական խորհրդակցությունների ընթացքում երկուստեք կարևորվել է Երևան-Նուր-Սուլթան-Երևան ուղիղ ավիաչվերթի վերաբացումը։ Այդ համատեքստում կարելի է դիտարկել Հայաստանում մեծածախ լոգիստիկ կենտրոնի հիմնումը։

Հանդիպման ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը պայմանավորվեցին՝ իրենց լիազորությունների շրջանակներում նպաստել երկու երկրների միջև արդյունավետ և ակտիվ համագործակցությանը։ Համագործակցության ուղղությունների շուրջ քննարկումները և դրանց իրականացմանն ուղղված աշխատանքները կկրեն շարունակական բնույթ, ինչի մասին պարբերաբար կիրազեկենք հանրությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում