Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը և Ղազախստանի դեսպանը քննարկել են երկկողմ և ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության զարգացումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետը և Ղազախստանի դեսպանը քննարկել են երկկողմ և ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Բոլատ Իմանբաևին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, շնորհավորելով Բոլատ Իմանբաևին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը մաղթել է հաջողություններ նրան այս պատասխանատու պաշտոնում՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանը կշարունակի նախորդ դեսպանի գործը և իր ներդրումը կունենա հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխվարչապետին է փոխանցել Ղազախստանի գործընկերների ջերմ ողջույնները: Հանդիպման ընթացքում Բոլատ Իմանբաևն ընդծգել է, որ երկու երկրների բարեկամությունը հիմնված է պատմական և մշակութային կապերի, ինչպես նաև մարդկանց միջև ձևավորված ջերմ շփումների վրա:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են նաև, որ շփումների ակտիվացման համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է դեսպանին «Ճամփորդիր առանց Քովիդ-19-ի» ծրագրի կարևորությունը և ընդգծել ապագայում Ղազախստանի կողմից ծրագրին միանալու նպատակահարմարությունը:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության զարգացման հնարավորությունները, անդրադարձել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարին:

Երկուստեք բարձր են գնահատվել ստեղծված կառուցողական հարաբերությունները և այդ համատեքստում կարևորվել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը:

Անդրադարձ է կատարվել նաև կրթական, գիտական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում