Մշակույթ

Կանանց տոնին Ազգային գրադարանում հայ կին ստեղծագործողների գրական ցուցադրություն բացվեց

2 րոպեի ընթերցում

Կանանց տոնին Ազգային գրադարանում հայ կին ստեղծագործողների գրական ցուցադրություն բացվեց

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կին հեղինակներին հանրահռչակելու, նրանց ստեղծագործություններին հանրության լայն շրջանակին ծանոթացնելու նպատակով Մայրության և գեղեցկության տոնին՝ ապրիլի 7-ին, Հայաստանի ազգային գրադարանում բացվեց «Գտի՛ր քո հայ կին-հեղինակին» խորագրով գրական ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությանը ներկայացված են տասը հայ կին հեղինակի գրքեր, որոնք ընթերցելով հնարավոր կլինի հասկանալ նրանց էությունն ու բացահայտել անհատականությունը:

Ցուցադրության համակազմակերպիչ «Հայուհիների համահայկական միություն» Հ/Կ-ի նախագահ Շողանե Մելքոնյանի խոսքով՝ ընտրություն անելիս տարածքային կամ ժամանակային սահմանափակում չի եղել: «Ներկայացրել ենք տասը հեղինակի, որոնք ապրել և ապրում են տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում, բայց պահել ու պահում են հայկականությունը, կանացիությունն ու հայ կնոջը բնորոշ հատկանիշները»,-ասաց նա:

Ցուցահանդեսում կարելի է ծանոթանալ Արգենտինայում ապրող Ալիսիա Կիրակոսյանի, իրանահայ գրականության ներկայացուցիչ Զոյա Փիրզադի, Սոնա Վանի, Էլդա Գրինի, որին շատերը ճանաչում են որպես հոգեվերլուծաբանի, այնինչ նա նաև փայլուն գրող է, Զապել Եսայանի, Հեղինե Մելիք-Հայկազյանի, Մարի Բեյլերյանի, որը զոհվել է 1915 թվականին, Վիկտորիա Աղանուրի, Սիլվա Կապուտիկյանի, Մետքասեի գրականությանը:

Շողանե Մելքոնյանն ընդգծեց, որ հեղինակներին ընտրելիս համագործակցել են ոլորտի մասնագետների հետ, որոնց աջակցությամբ ամբողջ տարվա ընթացքում փորձելու են նոր ուղերձներով ներկայացնել հայ կին հեղինակներին:

Ցուցահանդեսն իրականացնում են Հայաստանի ազգային գրադարանը և «Հայուհիների համահայկական միություն» հասարակական կազմակերպությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում