«Լույս հավիտենական» համերգին կհնչեն Մաշտոցի շարականներն ու Կոմիտասի գործերի հիման վրա գրված երգաշարը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին «Լույս հավիտենական» խորագրով համեգային ծրագրի շրջանակում իր մեկնությամբ կներկայացնի «Մաշտոց. Սրբազան մարգարիտներ»,
«Կոմիտաս. Տասը հայտնություն» շարքերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա ապրիլի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
«Ինձ համար Մաշտոցն ու Կոմիտասը հայկական ինքնության բանաձևողներից են:
Հինգերորդ դարում գրված մեսրոպյան շարականն ու կոմիտասյան բանաստեղծական խոսքն այդ ինքնության ստեղծագործական դրսևորումներն են»,- նշում է Արծրունին:
Համերգին կմասնակցեն երգչուհի Աննա Մայիլյանը, ազգային փողային նվագարանների կատարող Նորայր Քարտաշյանը, հայկական վիոլայի կատարող Գրիգոր Առաքելյանը, «Սաղմոսերգու» (գեղ. ղեկավար և խմբավար Վահե Բեգոյան) և «Շողակաթ» (խմբավար Կարինե Եզեկյան) երգչախմբերը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան):