Փոխվարչապետ Ավինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ապրիլի 2-ին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարելով հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ի և միջադեպերի կարգավորման մասին 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։
Առճակատումը տևեց ապրիլի 2-ից 5-ը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։Ապրիլի ընթացքում հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել էավելի քան 100 զինծառայող: