Մշակույթ

Երիտասարդական մայրաքաղաք Կապանի բանալու հանձնումը կիրականացվի ապրիլին

2 րոպեի ընթերցում

Երիտասարդական մայրաքաղաք Կապանի բանալու հանձնումը կիրականացվի ապրիլին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականին երիտասարդական մայրաքաղաք հռչակված Կապանում ապրիլ ամսից սկսած մի շարք միջոցառումներ են անցկացվելու: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Ակնկալում ենք, որ բանալու փոխանցման հանդիսավոր արարողությունն իրականացվելու է ապրիլ ամսին: Տարին հագեցած է լինելու տարբեր երիտասարդական միջոցառումներով, որոնց զգալի մասն իրականացվելու են Կապանում: Լինելու է կամավորության հետ կապված միջոցառում, անց է կացվելու երիտասարդական ֆորում, իրականացվելու է երիտասարդ աշխատողների վերապատրաստում»,- նշեց Մարտիրոսյանը:

Խոսելով 2020 թվականի տարեվերջին տեղի ունեցած ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստի մասին, որի ժամանակ որոշվել էր, որ 2021 թվականին Հայաստանն է ստանձնում այդ խորհրդի նախագահությունը, ԿԳՄՍ փոխնախարարը շեշտեց, որ այն անցկացվելու է Կապանում:

«ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստն այս տարի անցկացվելու է աշնանը: Այն համընկնելու է մեկ այլ կարևոր միջոցառման՝ «100 գաղափար ԱՊՀ-ի համար» եզրափակիչ փուլի հետ: Մեր ԱՊՀ գործընկերներին հրավիրում ենք Կապան, այդ միջոցառումը նույնպես այնտեղ անցկացնելու համար»,- նշեց Մարտիրոսյանը:

Կապանը հռչակվել էր երիտասարդական մայրաքաղաք 2020 թվականին, սակայն, համավարակով պայմանավորված, միջոցառումները չանցկացվեցին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում