«Հավերժի ճամփորդը». Օպերային թատրոնը հուշ-երեկո կնվիրի դիրիժոր Յուրի Դավթյանի հիշատակին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկազմակերպվի հուշ-երեկո՝ նվիրված մեծանուն դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի հիշատակին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հավերժի ճամփորդը. Յուրի Դավթյան» խորագրով համերգը տեղի կունենա ապրիլի 2-ին: Կհնչեն ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Ելույթ կունենան սոպրանո Աննա Մնացականյանը, մեցցո-սոպրանո Նարինե Անանիկյանը, տենոր Հայկ Վարդանյանը, բասեր Սերգեյ Սարգսյանն ու Հովհաննես Կարապետյանը: Համերգի երաժշտական ղեկավար և կոնցերտմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Օլգա Խաչիկյան:
Ավելի քան 20 տարի Յուրի Դավթյանը եղել է Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը: Մաեստրո Դավթյանը համերգներով հանդես է եկել աշխարհի տասնյակ երկրներում:
Համերգը հրաշալի հնարավորություն է վայելելու Յուրի Դավթյանի խաղացանկից կազմված ծրագիրը: