Պաշտոնական

Փոխվարչապետն ԱԶԲ գրասենյակի տնօրենի հետ քննարկել է ոլորտային համագործակցության հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետն ԱԶԲ գրասենյակի տնօրենի հետ քննարկել է ոլորտային համագործակցության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 18-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխվարչապետը, ողջունելով հյուրին, նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես գնահատում է ԱԶԲ-ի հետ ընթացող համագործակցությունը: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին՝ կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին սատարելու համար ոչ միայն առողջապահության, այլև կրթության ոլորտում: Նա նկատել է, որ ԱԶԲ-ն ՀՀ կառավարության կարևոր գործընկերներից է շուրջ 1 միլիարդ դոլարի հասնող ակտիվ պորտֆելով ոչ միայն հանրային, այլ նաև մասնավոր ոլորտում:

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության ընդունած տնտեսական արձագանքման ծրագիրը և վերջինիս սահմանած առաջնահերթությունները՝ վերականգնել տնտեսական ակտիվությունը, ապահովել տնտեսական միջավայրի կայունությունը և զարգացնել միջնաժամկետ տնտեսական քաղաքականության օրակարգը: Փոխվարչապետը արտահայտել է ՀՀ կառավարության ակնկալիքը՝ տնտեսական արձագանքման ծրագրի շրջանակներում խորացնել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը: Նա միաժամանակ ընդգծել է ԱԶԲ-ի ցուցաբերած տեխնիկական աջակցությունը Կադաստրի թվայնացման, ազգային աշխարհատարածական տվյալների ստանդարտացման գործում:

Փոխվարչապետը մատնանշել է Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները: Այդ համատեքստում կողմերը քննարկել են ենթակառուցվածքների, մասնավորապես՝ տրանսպորտի, էներգիայի, քաղաքային միջավայրերի ու մարդկային կարողությունների զարգացման ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Քննարկման ընթացքում շոշափվել են նաև հաղորդակցությունների, տրանսպորտային հանգույցների ոլորտներում համագործակցության ընդլայնման տարբերակները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում