Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը կրկին դատարանի բակում անդրադարձել է իր՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» հայտարարությանը

3 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը կրկին դատարանի բակում անդրադարձել է իր՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մինչ դատական նիստի մեկնարկը` Սերժ Սարգսյանը դատարանի շենքի բակում մոտեցավ իր կողմնակիցներին և որոշ պարզաբանումներ ներկայացրեց, թե ինչու է մեկ տարի առաջ հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

«Ոմանք չհասկացան, թե ինչու չեմ խոսում անհեթեթ դիզելի գործի մասին, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին: Ոմանք տարակուսեցին, իսկ ոմանք փորձեցին հեգնել: Բայց մենք ձեզ հետ միասին զգում էինք, տեսնում էինք, թե ինչու էին այս հետապնդումները և ապօրինությունները: Դա 2018 թվականից մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էր, որոնց նպատակն էր վարկաբեկել Արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց, թաղել Ղարաբաղի հարցը և մեր ազգային իղձերը»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով,որ շարունակելու է պայքարել դրա դեմ և երբեք չի լքելու քաղաքական խրամատը:

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 մլն 391 հազար 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 մլն 160 հազար դրամը: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,Սերգո Կարապետյանին ՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Բարսեղ Բեգլարյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Գործով մեղադրյալ Սերգո Կարապետյանը 2021 թվականի փետրվարի 18-ին մահացել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում