Գեղարքունիքում արձանագրվել է անասնագլխաքանակի ավելացում
3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ արձանագրվել է մանր եւ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի աճ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Մարտին Պետրոսյանը, 2020 թվականին Գեղարքունիքի մարզում գործել է 61 616 գյուղացիական տնտեսություն, որոնցում առկա է 98 հազար 614 խոշոր, 98 հազար 953 գլուխ մանր եղջերավոր անասուն, 16 հազար253 գլուխ խոզ, 1 583 գլուխ ձի, 44 հազար 234 մեղվաընտանիք, 300 հազար թեւ թռչուն։ 2019 թվականի համեմատ 2020 թվականին խոշորի գլխաքանակն ավելացել է 1 513, մանր եղջերավորներինը՝ 7 944 գլխով։ 35 գլխով ավելացել են խոզերը, 166 գլխով՝ ձիերը, 5 հազար թեւով՝ թռչունները։ Հաշվառված 98 հազար 614 խոշորից կովեր են 45 հազար 628-ը, որոնց գլխաքանակը 2019-ի համեմատ ավելացել է 1127-ով։ «Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի նկատելի աճ է դիտվել Կարմիրգյուղում, Ծովինարում, Լճաշենում, Վերին Գետաշենում, Ակունքում։ Մանր եղջերավորների գլխաքանակի ավելացում է դիտվել Լանջաղբյուրում, Կարմիրգյուղում, Ծովինարում, Լճաշենում, Վարսերում, Նորակերտում, Գեղամասար խոշորացված համայնքում։ Հակառակ արձանագրված դրական արդյունքների՝ խոշորի գլխաքանակի նվազում է դիտվել Նորակերտ, Լուսակունք, Ծովակ, Վարդենիկ, Վարդաձոր, ոչխարի գլխաքանակի նվազում՝ Ձորագյուղ, Դդմաշեն, Զովաբեր, Կարճաղբյուր, Փոքր Մասրիկ գյուղերում։ Անասնագլխաքանակի կրճատումը կապված է անասունների ցածր մթերատվության կամ եկամտաբերության, ինչպես նաեւ անասնակերի պակասի հետ։ 2020 թվականի Արցախյան պատերազմի պատճառով մենք չկարողացանք լիարժեք օգտագործել սահմանամերձ հատվածների բարձրլեռնային խոտհարքերը եւ բավավար չափով անասնակեր կուտակել։Բացի այդ, տարին ընդհանրապես աննպաստ էր անասնակերի աճի համար։ Մեր դիտարկումների համաձայն՝ մարզի 100 հեկտար արոտի վրա պահվում է 56 պայմանական խոշոր, ինչը նշանակում է, որ մեր ունեցած արոտավայրերը չեն օգտագործվում իրենց հնարավորությունների լրիվ ծավալով։ Մինչդեռ մենք կարող ենք 100 հեկտարի վրա պահել եւս 44 պայմանական գլուխ խոշոր եղջերավոր անասուն»,- իրավիճակը ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։
Խոսրով Խլղաթյան