Հասարակական

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Բադասյանը՝ UNODC-ի 14-րդ կոնգրեսին

7 րոպեի ընթերցում

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Բադասյանը՝ UNODC-ի 14-րդ կոնգրեսին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը 2021 թվականի մարտի 5-ից 11-ը Ճապոնիայի Կիոտո քաղաքում է։ Նախարարը մասնակցում է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսին (UNODC), որին մասնակցում են նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը և ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտի 7-ի ելույթում նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիային և UNODC-ի քարտուղարությանը միջոցառումը կազմակերպելու համար և նշել, որ ՄԱԿ-ի այս հարթակը լավ հնարավորություն է կառավարությունների համար քննարկելու հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության խնդիրների վերհանման, ինչպես նաև անհրաժեշտ մեխանիզմներ և գործիքակազմեր ներդնելու հարցերը։

Նախարար Բադասյանը հատուկ անդրադարձել է ատելության խոսքի հիմնախնդիրներին և նշել, որ այս հարցը արդիական է Հայաստանի համար, քանի որ իր էթնիկ, կրոնական և մշակութային ինքնության հանդեպ անհանդուրժողականության պատճառով ողջ պատմության ընթացքում հայ ժողովուրդը խտրականության, հետապնդումների, ատելության հիմքով հանցագործությունների և ցեղասպանության զոհ է դարձել: «Այս համատեքստում Հայաստանի պատվիրակությունը նախաձեռնել է Կիոտոյի հռչակագրում ներառել ատելության հանցագործության վերաբերյալ առանձին պարբերություն»,- նշել է Ռուստամ Բադասյանը՝ ընդգծելով, որ ատելության և ինքնության հատկանիշների վրա հիմնված հանցագործությունները առաջին քայլն են, որոնք կարող են հանգեցնել մարդկության դեմ ուղղված լուրջ հանցագործությունների, ներառյալ՝ ռազմական հանցագործությունների և էթնիկ զտումների: «Կարծում եմ, որ անցյալում կատարված հանցագործությունների համար անպատժելիությունը, դրանց արդարացումն ու մերժումը ճանապարհ են հարթում բռնության և նոր վայրագությունների վերածննդի համար»,- շեշտել է Հայաստանի արդարադատության նախարարը՝ որպես ակնհայտ օրինակ ներկայացնելով 2020 թվականի սեպտեմբերին ԼՂ հակամարտության գոտում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքները՝ հայերի դեմ պայքարի համար Լիբիայից և Սիրիայից վարձկանն ահաբեկիչների ներգրավումը՝ ընդգծելով, որ ինչպես և 1990-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած առաջին պատերազմի պատճառները ևս պայմանավորված են եղել հայերի նկատմամբ ատելությամբ և խտրականությամբ, մարդու հիմնարար իրավունքների ժխտումով։

«Տասնամյակներ շարունակ խթանված Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն իր առավել անմարդկային արտահայտությունն է գտել Արցախի ժողովրդի դեմ վերջին ագրեսիայի ընթացքում, որն ուղեկցվել է ռազմական և մարդկության դեմ հանցագործություններով: Նման հանցագործությունների ամենանշանավոր օրինակներից են, երբ քաղաքացիական բնակչության դեմ օգտագործվեց կասետային զինամթերք, թիրախավորվեց և ոչնչացվեց հայկական մշակութային ժառանգությունը, օգտագործվեց արգելված ֆոսֆորային զինամթերք՝ այդ թվում նաև անտառներում ապաստանած, բռնի տեղահանված բնակչության դեմ՝ պատճառելով հսկայական վնաս ինչպես մարդկությանը, այնպես էլ շրջակա միջավայրին»,- ասել է Ռուստամ Բադասյանը՝ որպես մեկ այլ վկայություն բերելով Ադրբեջանի կողմից Ժնևի «Ռազմագերիներիհետ վարվելակերպի մասին» կոնվենցիան կոպտորեն խախտելու փորձերը՝ հայ ռազմագերիներին և այլ գերիներին, այդ թվում` կանանց, վերադարձնելուց հրաժարվելը։

«Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչների հավաքագրումը և նրանց հետագա տեղակայումը Ադրբեջանի զինված ուժերի շարքերում՝ Արցախի դեմ ծավալած ռազմական գործողությունների համար, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կատարված հերթական ծանր հանցագործությունն է՝ միջազգային բոլոր նորմերի կոպիտ խախտմամբ: Համապատասխան աղբյուրներից ստացված բազմաթիվ ապացույցները վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը աջակցում և նպաստում են մեր տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքի ավելացմանը և տարածմանը: Հետևաբար, կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է միանա ջանքերին՝ այս սպառնալիքին դիմակայելու և այս հանցագործության կողմնակիցներին ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- հայտարարել է Ռուստամ Բադասյանը և այդ համատեքստում ողջունել Կիոտոյի հռչակագրի՝ ահաբեկչության հանցագործությանն անդրադառնալու փաստը։

ՀՀ արդարադատության նախարարությունից նաև հայտնում են, որ նախարարն անդրադարձել է 2018 թվականի թավշյա հեղափոխությանը՝ նշելով, որ դրանից ի վեր Հայաստանը նոր վճռականությամբ է ձեռնամուխ եղել բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացմանը և զգալի առաջընթաց է արձանագրել օրինականության մշակույթը խթանելու և հանցագործությունների կանխարգելման ու քրեական արդարադատության օրենսդրական շրջանակները բարելավելու հարցերում:

Անդրադառնալով դատաիրավական բարեփոխումների գործընթացին՝ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ առաջնային նպատակը դատական համակարգի անկախությունն ապահովելն ու համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը ամրապնդելն է՝ դատավորների բարեվարքության ստուգման հավասարակշռված մեխանիզմների և այլ գործիքների ներդրման միջոցով։

Խոսելով Կառավարության օրակարգի մյուս առաջնահերթությունից՝ կոռուպցիայի դեմ պայքարից, ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է Ռազմավարությամբ նախատեսված ինստիտուցիոնալ լուծումները՝ ուղղված կանխարգելմանը, քննությանն ու կրթությանը, այնուհետև անդրադարձել է քրեական արդարադատության բարեփոխումներին՝ նշելով, որ դրանց հիմքում մարդակենտրոն և մարդասեր մոտեցումն է՝ պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցնելը, որը և արտացոլված է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերում։ Որպես հանցավորության դեմ պայքարի առանցքային ուղղություն՝ նախարարն առանձնացրել է նաև քրեական ենթամշակույթի բացասական ազդեցությունը վերացնելու հասարակական պահանջով պայմանավորված քրեական տարրերի դեմ պայքարն ու այդ նպատակով իրականացված օրենսդրական փոփոխությունները։

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում