Քաղաքականություն

«Հայրենիքի փրկության շարժումը» ողջունում է նախագահի որոշումը ԳՇ պետի ազատման առաջարկի հետ կապված

2 րոպեի ընթերցում

«Հայրենիքի փրկության շարժումը» ողջունում է նախագահի որոշումը ԳՇ պետի ազատման առաջարկի հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը շարժման անունից ողջունում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշումը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկության հետ կապված:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վազգեն Սարգսյանն այս մասին ասաց հանրահավաքի ժամանակ։

«Ժամանակն է, որ մյուս բոլոր կառույցներն էլ հայտարարեն իրենց կարծիքը։ Դիմում եմ բոլոր ուժային կառույցներին՝ հայտարարությամբ հանդես եկեք, որ պաշտպանում եք բանակը։ Հակառակ դեպքում դուք բանակին դեմ եք։ Դիմում եմ մեր մտավորականությանը, Գիտությունների ակադեմիային, բոլոր կազմակերպություններին՝ հանդես եկեք հայտարարություններով, որ կանգնած եք բանակի կողքին»,- ասաց Մանուկյանը։

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտնեց, որ փետրվարի 28-ին բեմը կտրամադրեն մտավորականներին, մշակույթի գործիչներին, համերգներ կլինեն, կլինի ուրախության հրապարակ։

«Երկուշաբթի՝ ժամը 16։00-ին, տեղի կունենա հանրահավաք, և կմտածենք մեր հաջորդ քայլերի մասին։ Ես հույս ունեմ, որ երկուշաբթի արդեն կլսենք ԱԱԾ-ի և Ոստիկանության հայտարարությունները, որ նրանք նույնպես սատարում են բանակին»,- եզրափակեց Մանուկյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առարկություններով վերադարձրել էր ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։ Վարչապետի աշխատակազմն անհիմն էր համարել և չէր ընդունել նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները, ինչի վերաբերյալ կներկայացնի իր հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կրկին Հանրապետության նախագահին է ուղարկելու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը։

Փետրվարի 25-ին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները երթով շարժվել էին Ազգային ժողովի շենքի մոտ, ապա փակել Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրել և մի քանի գիշեր անցկացնում են այնտեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում