Ապահովվել է ճանապարհների անցանելիությունը
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Փետրվարի 17-ից 20-ին Գեղարքունիքի մարզում տեղացած ձյան պատճառով թեեւ դժվարանցանելի վիճակ է առաջացել, սակայն ճանապարհաշինարարներին հաջողվել է ապահովել ճանապարհների անցանելիությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, անցած հինգ օրում ճանապարհները սպասարկող կազմակերպություններն իրականացրել են մաքրման եւ մշակման աշխատանքներ՝ ապահովելով տրանսպորտային երթեւեկությունը։ «Ձյան առավելագույն բարձրությունը գրանցվել է Ճամբարակի տարածաշրջանում՝ հասնելով մինչեւ 40 սանտիմետրի։ Մարզի մնացած տարածքներում այն կազմել է 10-20 սանտիմետր։ Որոշ հատվածներում դժվարանցանելի վիճակ առաջացել է բքի պատճառով, սակայն ճանապարհաշինարարները կարողացել են ապահովել ճանապարհների անցանելիությունը բոլոր ուղղություներում։ Փետրվարի 22-ի առավոտվա դրությամբ ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներն ընթանում են մի քանի դժվարանցանելի հատվածներում, որոնք կավարտվեն օրվա ընթացքում»,-նշեց Գեւորգ Խաչատրյանը։
Խոսրով Խլղաթյան