Քաղաքականություն

Այվազյանը Հնդկաստանի ԱԳ նախարարին երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդի հետ համերաշխության համար

2 րոպեի ընթերցում

Այվազյանը Հնդկաստանի ԱԳ նախարարին երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդի հետ համերաշխության համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը փետրվարի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ գոհունակություն հայտնելով ավանդական բարեկամության և փոխըմբռնման վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործնական ջանքեր ձեռնարկել երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ:

«ԱԳ նախարարներն ընդգծել են միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված փոխաջակցությունը և սերտ փոխգործակցությունը: Այս համատեքստում նախարար Այվազյանը նախարար Ջայշանկարին շնորհավորեց Հնդկաստանի՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ այդ անդամակցությունը կծառայի ի շահ խաղաղության և անվտանգության համընդհանուր նպատակների առաջմղման»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են նաև, որ նախարարներ Այվազյանը և Ջայշանկարն անդրադարձել են միմյանց տարածաշրջաններում անվտանգության և խաղաղության հարցերի: Երկուստեք ընդգծվել է հակամարտությունների՝ բոլորի շահերը հասցեագրող խաղաղ կարգավորման հրամայականը: Այդ առնչությամբ Արա Այվազյանն երախտագիտություն է հայտնել իր գործընկերոջը՝ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում հայ ժողովրդին հայտնած համերաշխության համար:

Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև COVID-19 համավարակի հաղթահարման և այդ գործընթացում միջազգային համագործակցության շուրջ՝ նշելով, որ համավարակի դեմ պայքարում առաջնահերթ պետք է լինի միասնականությունը։ Այս համատեքստում նախարար Այվազյանը բարձր է գնահատել նախորդ տարեսկզբին COVID-19 համավարակի ընթացքում Հնդկաստանի՝ Հայաստանին ցուցաբերած աջակցությունը։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում