Քաղաքականություն

Ըստ Մակունցի՝ թավիշը վերացնելու քաղաքացիների պահանջը վերաբերում է դատական համակարգում փոփոխությանը

1 րոպեի ընթերցում

Ըստ Մակունցի՝ թավիշը վերացնելու քաղաքացիների պահանջը վերաբերում է դատական համակարգում փոփոխությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով՝ քաղաքացիների կողմից վարչապետին ուղղված՝ թավիշը վերացնելու պահանջն առաջին հերթին վերաբերում է դատական համակարգում փոփոխություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ իշխանությունն իր տված խոստումը չի կատարում, որ քաղաքացիները փակում են մայրուղին՝ վարչապետից պահանջելով վերացնել թավիշը:

«Ես կարծում եմ, որ այդ արտահայտությունն առաջին հերթին վերաբերում է դատական համակարգում փոփոխություններին: Այստեղ քաղաքացիներն ունեն արդարադատություն իրականացնելու պահանջներ»,-ասաց խմբակցության ղեկավարը:

Նա միևնույն ժամանակ կարևոր համարեց հասկանալ, թե ինչ է նշանակում «թավիշը վերացնել» արտահայտությունը: Մակունցը հույս հայտնեց, որ քաղաքացիները նկատի չունեն, որ պետք է օրենքի դաշտից դուրս գալ, կատարել քայլեր, որոնք համատեղելի չեն օրենքի, Սահմանադրության հետ:

Օրեր առաջ Գյումրի-Երևան ճանապարհին մի շարք համայնքների բնակիչներ կանգնեցրել էին վարչապետի շարասյունը և աջակցություն հայտնել նրան՝ հորդորելով «վերացնել թավիշը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում