Կոտայքի մարզպետը Գառնի և Գողթ համայնքներում հետևել է սուբվենցիոն և այլ ծրագրերի ընթացքին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը աշխատանքային այցով եղել է մարզի Գառնի և Գողթ համայնքներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի առաջին կանգառը Գառնիում է եղել, որտեղ համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանի ուղեկցությամբ Մեսրոպ Մեսրոպյանը նախ այցելել է Արցախյան պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել՝ ի հիշատակ զոհված հերոսների, ապա շրջել ՀՀ կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքում իրականացվող աշխատանքների շինհրապարակներում, ծանոթացել ծրագրերի ընթացքին:
Համայնքի երաժշտական դպրոցի տարածքը սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ վերակառուցվում է: Գառնիում սուբվենցիոն մեկ այլ ծրագրով բարեկարգվում է Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանի տարածքը:
Ծանոթանալով կատարված աշխատանքների ծավալներին՝ մարզպետը հորդորել է բոլոր ծրագրերն իրականացնել բարեխղճորեն և սահմանված նորմերին, չափորոշիչներին ու ժամկետներին համապատասխան՝ բացառելով անորակ որևէ աշխատանք:
Մեսրոպ Մեսրոպյանը այցելել է նաև Գառնի համայնքից «Քարերի սիմֆոնիա» տանող ճանապարհահատված, որը հիմնանորոգվում է կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: Զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացման այս ծրագրով հուշարձանի տարածքում նաև անցկացվում է գիշերային լուսավորություն և նստարաններ են տեղադրվում:
Գողթ համայնքում էլ մարզպետը ծանոթացել է կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գողթի մանկապարտեզի երկհարկանի շինության կառուցման աշխատանքներին:
Այստեղ ևս մարզպետն ընդգծել է որակյալ և անհրաժեշտ նորմերին համապատասխան աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:
Գողթ կատարած այցի շրջանակներում Մեսրոպ Մեսրոպյանը եղել է նաև «Արմյանսկիյ Ուրաժայ» ընկերությունում, ծանոթացել արտադրական գործընթացին:
Ընկերությունը զբաղվում է ֆրանսիական և հոլանդական վարդերի ջերմոցային արտադրությամբ. 22 հա ջերմոցային տարածքին կից ընկերությունը կառուցում է նոր ջերմոց՝ 16 հա: Ընկերության տնօրեն Մարկոս Ղարիբյանի ներկայացմամբ՝ ջերմոցում 300 աշխատակից ունեն, նորի գործարկումով նախատեսում են բացել ևս 300 աշխատատեղ։ Նոր ջերմոցը կբացվի արդեն սեպտեմբերին:
