Դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոնը կբացահայտի երիտասարդ տաղանդների
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատանի և երիտասարդ դուդուկահարների շրջանում նոր տաղանդների բացահայտելու, հայկական նվագարանի՝ դուդուկի հանրահռչակմանը նպաստելու նպատակով ապրիլի 5-ից մայիսի 5-ը Երևանում դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոն կանցկացվի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն կազմակերպել են «Dudukman Production»-ը և դուդուկահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Էմանուել Հովհաննիսյանը։
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել մինչև 22 տարեկան դուդուկահարներ աշխարհի տարբեր երկրներից։
Մրցույթը կանցկացվի երեք փուլով։ Մրցութային փուլերում մասնակիցները կներկայացնեն հայկական երաժշտության տարբեր ճյուղեր։ Առաջին փուլում կկատարեն ժողովրդական մեղեդի և միջին տեմպի պարեղանակ, երկրորդ փուլում երաժիշտները կներկայացնեն հոգևոր երաժշտություն կամ Կոմիտաս և աշուղական երգի մեղեդի, իսկ երրորդ փուլում կնվագեն մեկ ստեղծագործություն ըստ ցանկության և իմպրովիզացիոն բնույթի արագ տեմպով պարեղանակ։
Մրցույթի բոլոր ելույթները կձայնագրվեն և կտեսագրվեն, այնուհետև կցուցադրվեն «Dudukman Production»-ի բոլոր սոցհարթակներում։ Լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան համագործակցել հանրահայտ արտիստների հետ, ինչպես նաև վարպետության դասեր ստանալ դուդուկի լավագույն մասնագետներից։ Բոլոր մրցանակակիրներին սպասվում են դրամական պարգևներ և մրցանակներ պրոֆեսիոնալ ձայնագրության տեսքով։ Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված կլինեն անվանի երաժիշտներ։
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև մարտի 15-ը՝ [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով։