Հասարակական

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նախագահ չունի. թեկնածուներից ոչ ոք բավարար ձայներ չհավաքեց

2 րոպեի ընթերցում

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նախագահ չունի. թեկնածուներից ոչ ոք բավարար ձայներ չհավաքեց

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում հունվարի 29-ին տեղի է ունենում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգային երկրորդ հարցով նախատեսված էր Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն, սակայն առաջադրված երկու թեկնածուներից ոչ ոք բավարար ձայներ չհավաքեց:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության շրջանակում նիստը նախագահող Անահիտ Չուբարյանն առաջադրեց Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ. դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի թեկնածությունը, իսկ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի թեկնածությունը։

ՀԽ նախագահի թեկնածուները Խորհրդի անդամներին ներկայացրին իրենց գործունեությունը, համալսարանի զարգացման գործում ՀԽ-ի դերի իրենց պատկերացումները և պատասխանեցին նիստի մասնակիցների հարցերին։

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի առաջարկությամբ և Հոգաբարձուների խորհրդի ներկա անդամների մեծամասնության համաձայնությամբ քվեարկությունն անցկացվեց փակ գաղտնի ձևով: Քվեարկության արդյունքների համաձայն՝ Հայկազ Նավասարդյանը հավաքեց 14, իսկ Կառլեն Խաչատրյանը՝ 15 ձայն, ինչը, ըստ կանոնակարգի, բավարար չէ նախագահ ընտրվելու համար:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Գևորգ Մուրադյանը հրաժարական էր ներկայացրել դեկտեմբերի սկզբին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում