Քաղաքականություն

Կան մարդիկ, ովքեր չեն հաշտվում իրականության հետ, որ իշխանություն ձևավորողը ՀՀ քաղաքացին է. Մակունց

3 րոպեի ընթերցում

Կան մարդիկ, ովքեր չեն հաշտվում իրականության հետ, որ իշխանություն ձևավորողը ՀՀ քաղաքացին է. Մակունց

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծիքով՝ Վազգեն Մանուկյանի՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ արած հայտարարությունը վկայում է այն մասին, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք չեն կարող հաշտվել այն իրականության հետ, որ իշխանություն ձևավորվողը ՀՀ քաղաքացին է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցը նման տեսակետ հայտնեց ԱԺ ամբիոնից:

«Այսօր ՀՀ հանրային խոսույթում հնչել է հետևյալ միտքը՝ եթե լինի արտահերթ ընտրություններ, արյունահեղություն է լինելու ամեն քվեատուփի մոտ: Այս խոսքերի և մտքի հեղինակը Վազգեն Մանուկյանն է: Ինչ է այս միտքը նշանակում: Ոմանք կարող են մտածել, թե սա ակնարկ է, ոմանք կարող են մտածել, թե սա սպառնալիք է: Իսկ իրականում սա ևս մեկ անգամ ապացույց է այն մասին, որ ՀՀ-ում կան մարդիկ, ովքեր չեն ընդունում և չեն կարող հաշտվել այն հանգամանքի հետ, այն իրականության հետ, որ Հայաստանի Հանրապետության իշխանության տերը ՀՀ քաղաքացին է, և իշխանություն ձևավորողը դարձյալ ՀՀ քաղաքացին է»,-ասաց Մակունցը:

Նրա կարծիքով՝ հիմա կան մարդիկ, որոնք բոլոր հնարավոր միջոցներով համոզում են, նույնիսկ սպառնում են, որ այդ միտքը, սահմանադրական ճշմարտությունը, որ իշխանությունը ձևավորվում է ՀՀ քաղաքացու ազատ կամարտահայտման միջոցով, լավ միտք չէ: «Եվ միաժամանակ գերագնահատելով սեփական հնարավորությունները՝այս մարդիկ թերագնահատում են պետական համակարգի և իրավապահ համակարգի պարտականություններն ու կարողությունները, որով նրանք պարտավոր են երաշխավորել ՀՀ քաղաքացու ազատ կամարտահայտումը, իր քվեով իշխանության ձևավորումն այսօր և վաղը»,-ասաց խմբակցության ղեկավարը:

Ընդդիմադիրների «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել է.«…Մինչ արտահերթ ընտրությունները ինքը պետք է գնա: Ես չեմ ուզում քննարկել այն տարբերակը, որ ինքը մնում է և արտահերթ ընտրություն է լինում: Մինչև ինքը չգնա, ոչ մի ընտրություն Հայաստանում չի լինելու: Կամ ընտրությունը վերածվելու է, Աստված գիտի, ինչ ընդհարումների Հայաստանի ներսում: Կռիվ է լինելու մինչև վերջ, մի մասը կգնա, մի մասը չի գնա, ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու: Դա՞ է ուզում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում